տուն Քաղաքական Վերլուծական Կառավարությունը կոչնչացնի հակառակորդին

Կառավարությունը կոչնչացնի հակառակորդին

389
0

Այսօր տեղի ունեցավ  ՀՀ կառավարության արտահերթ նիստ` պայմանավորված հակառակորդի կողմից ագրեսիայի ցուցաբերման և հարձակման անցնելով: Նիստը վարում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:  Քննարկվեց ռազմավարական նշանակության արտադրությունների անվտանգությունը ապահովելու հարցը: ՀՀ վարչապետը առաջարկ ներկայացրեց ամենահզոր 100 արտադրական ընկերությունները գրանցել օֆշորային գոտիներում` արտասահմանցի, մանավանդ` ռուս և բրիտանացի ներդրողների անուններով: Իր այս առաջարկությունը Սարգսյանը հիմնավորում էր նրանով, որ հակառակորդը չի համարձակվի հարվածել բրիտանական և ռուսական սեփականություն հանդիսացող օբյեկտներին: Տիգրան Սարգսյանը նաև նշեց, որ պետք է հատուկ պաշտպանության տակ վերցնել Գյումրու նորաբաց տեխնոպարկը, որը հանդիսանում է ՀՀ տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Շատ կարևորվեց նաև կովերի կաթնատվությունը նույն` բարձր մակարդակի վրա պահելու հարցը, որպես Սերժ Սարգսյանի նախագահության օրոք ամենակարևոր ձեռքբերումներից մեկը, ինչը չի կարելի զիջել անգամ «Սմերչ» համազարկային համակարգի սպառնալիքի ներքո: Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս խնդիրը ունի բավականին հեշտ լուծում.

-Կաթնատվության գեթ մեկ կաթիլ անկում չպետք է թույլ տանք, սա ես փոխանցում եմ Սերժ Սարգսյանի կարգադրությունը: Մենք երեկ շարքային Կարապետյանի հետ քննարկեցինք այս հարցը, և մշակել ենք հատուկ գործողությունների ծրագիր: Նախ բոլոր գյուղացիական տնտեսություններին պետք է հրահանգել օրական երեք անգամ լվալ կովերի պտուկները, իսկ առավոտյան և երեկոյան իրականացնել կրծքերի էկզոտիկ մերսումներ, ինչը հնարավորություն կտա այդ անասուններին զերծ պահել ավելորդ սթրեսներից: Իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա արածեցման դաշտերի խաղաղությունը կհսկի Նավասարդ Կճոյանը` համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից նվիրված իր անձնական օգտագործման «Իսկանդեր-M» համակարգերի միջոցով:

Սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանը կարևոր դիտարկում արեց, նշելով, որ նավթադոլարների միջոցով գնված զենքով ով էլ ասես կկռվի: Կարևորը մարմնի և մտքի հզորությունն է.

-Առաջարկում եմ հակառակորդին թասիբի գցել, ասել, որ թե դուխով տղերք եք զենքերը վայր դրեք` առանց զենքի կռվենք: Եթե համաձայնվեն, դա կլինի իրենց վերջը, կջարդենք, կփռենք արևին:

Առաջարկությունը դուր եկավ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Վերջինս, նայելով իր հագած զինվորական համզգեստին, տղամարդու խոսք տվեց, որ այսօր երրորդ երկրի միջոցով այս առաջարկությունը կուղարկի հակառակորդին: Նա նաև նշեց, որ հարցը կարելի է ավելի հեշտ լուծել` շարժվելով դեռևս 2009 թվականին սկսված ֆուտբոլային դիվանագիտության բարի ավանդույթներով.

-Լեյտենանտ Վարդանյանի առաջարկությունից մի նոր միտք հղացավ մոտս: Կարծում եմ կարելի է հակառակորդին հրավիրել ֆուտբոլային մենամարտի, մանավանդ, որ մեր հավաքականը այս պահին գտնվում է իր լավագույն մարզավիճակում:

Հրանուշ Հակոբյանը հակադարձեց, նշելով, որ եթե այդպես, ապա այս հակամարտությունը կարող ենք լուծել մի սենյակում` շախմատային տախտակների շուրջ.

-Կարծում եմ այս միտքը դուր կգա նաև Սերժ Սարգսյանին, մնում է` Արոնյանին համոզել, որ թողնի մյուս մրցաշարերը և գա՝ հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու:

-Ես համաձայն չեմ, Հրանուշ, տախտակներով ուղղակի հնարավոր չէ հասնել նման ռազմական հակամարտության հանգուցալուծման, դրա համար անհրաժեշտ է ներկրել մեծ քանակությամբ պարսատիկներ, ջրով հրացաններ և Սփյուռքից կռվող տղաներ, թե չէ Սմերչի դեմ ուզում եք տախտակով պայքարել: Հրանուշ, տախտակ-մախտակ չկա, պետք ա սկսել «Արի տուն կռվի» ծրագիրը,- առարկեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

-Էէէէ Դերո-Դերո, էլի քնել էի՞ր, մենք խոսում էինք շախմատային տախտակների մասին,- ասաց Արամ Հարությունյանը,- թե չէ այդքան  տախտակ մեզ որտեղի՞ց, հո անտառները չե՞նք հատելու: Ես առաջարկում եմ վառել մեր սահմանի վրայի չորացած խոտը, կրակը այրվելով՝ կանցնի սահմանը և կոչնչացնի հակառակորդին: Վերջնական ոչնչացումից ապահովելու համար կենդանական աշխարհը` որսորդների օգնությամբ նրանց կարող ենք քշել դեպի սահման: Ըստ վիճակագրության մեկ կատաղած վարազը կարող է ոչնչեցնել հակառակորդի 4 զինվորի:

-Արամ, ի՞նչ ես խոսում արա, էտ ո՞ւմ որսի վրա ես քար գցում, գիտե՞ս բնակչության քանի տոկոսն ա սնվում այդ որսով, տենց չի Արտեմ,- ասաց Գագիկ Բեգլարյանը:

-Այո, իսկապես, մեր բարձր եկամուտներ ունեցող խավի 50 տոկոսի հիմնական սնունդն է հանդիսանում որսը, չենք կարող նման բան թույլ տալ: Առաջարկում եմ մի քանի ամսով չվճարել թոշակները, և մեծ քանակությամբ զենք ձեռք բերել ու գնալ կռվել:

-Այո՛ համաձայն եմ,- դեմքի ուրախ արտահայտությամբ ասաց Սեյրան Օհանյանը:

— Հաջորդ նիստը կկայանա երկու օրից,- անմիջապես եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

Գրանտակեր Հակապետականյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here