տուն Տնտեսական Կառավարությունը խոստովանում է. «ՀՀ-ում պահպանվում է սեռի սկզբունքով թաքնված խտրականությունը»

Կառավարությունը խոստովանում է. «ՀՀ-ում պահպանվում է սեռի սկզբունքով թաքնված խտրականությունը»

95
0

women

Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության 2014 թվականի միջոցառումների տարեկան ծրագրին: «Արդի ժողովրդավարությունը հասարակությանն առաջադրում է բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնցից մեկն էլ կանանց և տղամարդկանց հավասարությունն է: Փորձագիտական դիտարկումները վկայում են, որ չնայած կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը ՀՀ Սահմանադրության մեջ (14.1 հոդված) և սեռի սկզբունքով խտրականության արգելքին` գործնականում Հայաստանի Հանրապետությունում պահպանվում է սեռի սկզբունքով թաքնված խտրականությունը: Այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների (ժողովրդավարության ամրապնդման, իրավական և սոցիալական պետության ստեղծման) ժամանակակից զարգացմանը: Միաժամանակ, Հայաստանը կանանց աղքատության մակարդակով և իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռևս հետ է մնում ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի շատ երկրներից: Տարբեր փորձագիտական ուսումնասիրություններ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման ոլորտում վկայում են, որ անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է և հասարակության մեջ պահպանվող և նույնիսկ ամրապնդվող կանանց և տղամարդկանց դերերի ավանդական ընկալումները: Ակնհայտ է, որ նման իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն հասարակության և նրա կառուցակարգերի վրա երկարատև ազդեցություն գործող համալիր միջոցառումների իրականացման միջոցով»,- ասված է որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Իսկ որպես միջոցառումներ նախատեսված են «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի   կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ համաձայնեցված՝ գործընկերային հարաբերությունների ստեղծմանն նպատակով իրականացվելիք՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների քարտեզագրումը և համագործակցության մեխանիզմների մշակումը, մարզերում տարբեր միջոցառումների իրականացումը: