Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրին: Միաժամանակ՝ կառավարությունը իր եզրակացությունում մի քանի շեշտադրում է արել:
1. «Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվությունը աճել է 3.3 %-ով, որին դրական են նպաստել գյուղատնտեսությունը (1.5 տոկոսային կետ), ծառայությունները (1.5), առևտուրը (0.9), շինարարությունը (0.1), բացասական՝ արդյունաբերությունը (-0.7 տոկոսային կետ): Հաշվի առնելով նկարագրված իրավիճակը, ինչպես նաև արտաքին աշխարհից եկող փաստացի բացասական զարգացումները, մասնավորապես, պղնձի գների անկումը միջազգային շուկայում և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, 2014 թվականին ՀՆԱ իրական աճի 5.8 տոկոս կանխատեսման սցենարը լավատեսական ենք համարում»,- ասվում կառավարության եզրակացությունում:
2. «Դրամավարկային քաղաքականության ծրագրում պարբերաբար նշվում է հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության մասին՝ որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատվում է 1.5 տոկոս խթանող: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ըստ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գնահատականի 2014 թվականին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա կունենա 0-ից 0.5 տոկոս խթանող ազդեցություն:
Հաշվի առնելով վերը նշվածը` կարծում ենք, որ հարկաբյուջետային քաղաքականության 2014 թվականի ազդեցությունը` որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, պետք է բացառել և կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ ճշգրտումներ իրականացնել դրամավարկային պայմանների թուլացման մասով»,- ասված է կառավարության եզրակացությունում:
3. «Դրամավարկային քաղաքականության ծրագրից պարզ է դառնում, որ մակրոտնտեսական միջավայրը 2014 թվականին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնահատվում է առավելապես ցածր գնաճային, որը պայմանավորված կլինի տարվա երկրորդ կեսին գնաճի վրա էներգակիրների սակագների ունեցած ազդեցության չեզոքացմամբ և գնաճային ճնշումների տեսանկյունից արտաքին և ներքին լուրջ ռիսկերի բացակայությամբ: Այս կապակցությամբ պետք է նշել, որ դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսվող գործիքների` պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի թույլ ազդեցությունը շուկայական տոկոսադրույքի վրա (մասնավորապես` պայմանավորված փոխարժեքի արժեզրկման սպասումներով, ինչպես նաև դոլարայնացման բարձր մակարդակով) կպահանջեն դրամավարկային քաղաքականության հնարավորինս ընդլայնող նպատակադրում:
Ամփոփելով նշենք, որ ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ և հնարավորինս ընդլայնող»,- ասված է կառավարության եզրակացությունում: