Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էլինար Վարդանյանը, Բազմասեր Առաքելյանը և Վահան Կարապետյանը՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ են ներկայացրել, որով առաջարկվում է շրջանառության հարկ վճարողներին գործունեության առաջին երեք տարիներին ազատել առևտրական (առք ու վաճառքի), ինչպես նաև արտադրական գործունեությունից եկումուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից:
Կառավարության հինգշաբթի օրվա նիստում այս նախագծին բացասական եզրակացություն կտրվի: Ստորև բերված է այդ եզրակացության հիմնավորումը:
«Շրջանառության հարկի համակարգում փոփոխություններ նախատեսող տարբեր օրենսդրական նախագծերի ու առաջարկությունների քննարկման շրջանակներում մեր կողմից մշտապես ներկայացված դիրքորոշման համաձայն, միայն շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է՝ դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ: Տվյալ դեպքում, անընդունելի է նաև շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը` առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման: Վերջինս անչափ կարևոր է, քանի որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը: Այս առումով գտնում ենք, որ տնտեսությունում կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնարավոր կլիներ ոչ միայն փոխհատուցել փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերի նվազումը, այլև հարկման դաշտ բերել խոշոր բիզնեսի իրական շրջանառությունները:
Ներկայացված նախագիծը ոչ միայն չի լուծում այս հարցը, այլև հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների էական չարդարացված կորստի:
2. Հիմնավորված չէ նախագծի ընդունման հիմնավորմամբ ներկայացված այն փաստարկը, համաձայն որի՝ առևտրական (առք ու վաճառքի) և արտադրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողներին շրջանառության հարկի վճարումից ազատելը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման և կապահովի եկամտային հարկի լրացուցիչ մուտքեր: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ շրջանառության հարկ վճարողների շուրջ 77 տոկոսը (շուրջ 38 հազար հարկ վճարողներ) հանդիսանում են անհատ ձեռնարկատերեր: Ակնհայտ է, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին շրջանառության հարկի վճարումից ազատելու դեպքում նոր աշխատատեղերի հաշվին եկամտային հարկի լրացուցիչ մուտքերով շրջանառության հարկի գծով մուտքերի նվազեցման փոխհատուցումը իրատեսական և հիմնավորված չէ:
3. Իրականությանը չի համապատասխանում նաև նախագծի ընդունման հիմնավորմամբ բերված այն փաստարկը, որ շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված հանրապետությունում փակվել են շուրջ 4000 փոքր օբյեկտներ, տասնյակ հազարավոր տնտեսավարող սուբյեկտներ գործում են կամ վնասով, կամ ցածր շահութաբերությամբ:
Նախ, հարկ ենք համարում նշել, որ բերված տվյալը գերազանցում է անգամ ընդհանրապես լուծարված սուբյեկտների քանակին: Ընդ որում, նույն 2013 թվականի ընթացքում պետական գրանցում են ստացել (ստեղծվել են) բազմաթիվ նոր տնտեսավարող սուբյեկտներ:
Միաժամանակ, տեղին է նշել, որ, ընդհանուր առմամբ, շրջանառության հարկի ներդրմամբ պայմանավորված` հարկային բեռը համահունչ է մինչև շրջանառության հարկի ներդրումը ձևավորվող հարկային բեռի մակարդակին՝ հաշվի առնելով շրջանառության հարկ վճարողներին 11 տոկոս եկամտային հարկի պահումից և բյուջե վճարումից ազատելու, առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չվարելու, հարկային հաշվառումը նկատելիորեն պարզեցնելու և հաշվառման ծախսերը կրճատելու հնարավորությունը, իսկ անհատ ձեռնարկատերերի համար նաև` 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պայմանավորված` ամսական ընդամենը 5000 դրամ գումարի չափով եկամտային հարկի սահմանումը, որը միասնական հարկ է, իր մեջ ներառում է մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող եկամտահարկը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները (այսինքն` 2013 թվականի հունվարի 1-ից հետո անհատ ձեռնարկատերերի կողմից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ չեն կատարվում):
Հաշվի առնելով վերոնշյալը` կարծում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված` «տասնյակ հազարավոր» փոքր օբյեկտների կողմից «վնասով» կամ «ցածր շահութաբերությամբ» գործունեություն ծավալելը կարող է պայմանավորված է լինել այլ գործոններով, բայց ոչ շրջանառության հարկի ներդրմամբ:
Նախագծում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն:
Ելնելով շարադրվածից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը»,- ասված է կառավարության եզրակացության հիմնավորման մեջ: