Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Լևոն Դոխոլյանը «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» օրենքի նախագիծ են ներկայացրել, որին կառավարությունը վաղը բացասական եզրակացության կտա:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է երիտասարդ ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու խնդիրները և գտնում է, որ նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնության տրամադրումն անհրաժեշտ է իրականացնել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրված հասցեականության սկզբունքի համաձայն, ըստ որի՝ սոցիալական ծառայությունները տրամադրվում են իսկապես դրա կարիքն ունեցող անձին, այս պարագայում` նորաստեղծ ընտանիքներին։ Այդ առումով նախագծում անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափանիշները, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել նորաստեղծ ընտանիքի կարիքավորության աստիճանը: Բացի դրանից, նկատի ունենալով, որ ներկայացված նախագծի հիմնավորման համաձայն նախագիծը նպատակ ունի նպաստելու ծնելիության աճին, գտնում ենք, որ միանվագ դրամական օգնությունը պետք է տրամադրվի երիտասարդ ընտանիքներին «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի շրջանակներում՝ բյուջետային հնարավորությունների առկայության դեպքում:
Նախագծի ընդունումը կբերի լրացուցիչ ֆինանսական հատկացումների անհրաժեշտության: Հայտնում ենք, որ այդ նպատակով համապատասխան միջոցներ նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2015-2017թվականների պետական միջին ժամկետ ծախսերի ծրագրային հայտում: Ուստի, վերջինիս ընդունման դեպքում այն կմնա առանց ֆինանսական ապահովման:
Ելնելով շարադրվածից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը»,- ասվում է կառավարության եզրակացության հիմնավորման մեջ: