Դեկտեմբերի 7-ին լրանում է Սպիտակի երկրաշարժի 25-ամյա տարելիցը: Սակայն երկրաշարժից անգամ քառորդ դար անց, ինչքան էլ չցանկանան հայաստանյան իշխանությունները, մենք դեռ ունենք աղետի գոտի: Գյումրիում այսօր անօթևան է 4000 ընտանիք: Ամբողջ հանրապետությունում, ըստ պաշտոնական տվյալների, կա 30 000 անօթևան ընտանիք, ու այս ֆոնի վրա այսօր կառավարությունը հերթական անգամ իր որոշմամբ ցույց տվեց, որ հայաստանյան իշխանությունները վերջնականապես կորցրել են կապը իրականության և հասարակության հետ և հայտնվել են ինքնաբավ բուտաֆորայի մեջ:
Վերոնշյալի և ընդհանրապես երկրում սոցիալ-տնտեսական մեղմ ասած՝ ողբերգական պատկերի ֆոնին այլ կերպ հնարավոր չէ բացատրել կառավարության այսօր կայացրած որոշումը «Ինչ, որտեղ, երբ» հեռուսատախաղի լիցենզիայի մեկ տարով երկարաձգման համար հատկացնել 12 միլիոն դրամ: Իհարկե, շատերը գուցե նշեն, թե վերջապես մեր հասարակությանը պետք է նաև մարդու հոգևոր և ինտելեկտուալ պահանջները բավարարող սնունդ:
Մյուս կողմից՝ ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ ինտելեկտուալ սնունդ կարող է տալ վերոնշյալ հեռուստահաղորդումը, որը հերթական անգամ ցուցադրում է կենսաթոշակների հաշվին սեփական աշխատավարձերը բարձրացնող, ճարպոտ դեմքով չինովնիկների, որոնք, բնականաբար, անգամ հայերեն չեն խոսում և ոչ էլ ռուսերեն, այլ ինչ-որ միջանկյալ կոտրատված լեզվով:
Եթե սույն հեռուսատախաղը կամ հաղորդումը հեռարձակվեր Հանրային հեռուստաընկերությամբ ու հայերեն, գուցե, թեկուզ և ձևական առումով, փաստարկվեր նման որոշումը: Ներկայիս իրավիճակում, երբ այդ խաղի մասնակից կրթության և գիտության նախարարը հայտնում է ռուսերենին կարգավիճակ տալու ցանկություն և սուր քննադատության թիրախ դառնում, ինչքանով էր նպատակահարմար կառավարության սույն որոշումը։ Հաստատապես կարող են ասել, որ ոչ, հայաստանյան կառավարությանը կարծես թե մեծագույն հաճույք է պատճառում ինքնախոշտանգումը, քանի որ տպավորություն է, որ ցանկացած որոշումից առաջ մեր նախարարակազմը փորձում է հաշվարկել, թե ինչպիսի որոշման դեպքում իրենց շատ կհայհոյեն: