Հայ ձկնաբույծների միավորման ղեկավար Արթուր Աթոյանը դեմ է արտահայտվում Կառավարության կողմից մշակվող այն օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի նախատեսվում է ձկնաբուծությունը դարձնել լիցենզավորված գործունեություն և 3 տարվա արտոնագրի համար սահմավել 15 միլիոն դրամ:
Նա նշում է, որ դա խիստ բացասական կանդրադառնա ձկնաբուծության ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի վրա:
«Իրենք հայտարարություն են արել, որ այդպիսի թիվ չկա եւ դեռ սահմանված չէ գինը: Բայց լիցենզիան աշխատում են մտցնել շրջանառության մեջ, իսկ եթե լիցենզիան եղավ, դա վճարվում է, օրենքի պահանջն է: Դա շատ վատ կանդրադառնա փոքր եւ միջին բիզնեսին: 3 ձկնային տնտեսություն արդեն փակվել է, երբ որ ջրի վարձի 10 անգամ թանկացում եղավ: Հիմա այսօր եւս զանգահարեցին ասեցին 4 -ն էլ է փակվել»,-ասում է Աթոյանը Araratnews.am-ի հետ զրույցում:
Հայաստանում կա 170-180 ձկնային տնտեսություն, որոնց մեծամասնությունը փոքր եւ միջին ընկերություններ են:
«Մեր երկրում այն միջոցառումները, որ գերագույն մարմինների կողմից հանձնարարվում է, ամենավատ խեղաթյուրված միջոցներով է իրականացվում: Այդ միջոցառումները բավարար չեն, պետք է դրանց թափանցիկությունը նաեւ ապահովել»,-հավելում է Աթոյանը: