ԱԺ-ի «Ժառանգություն » խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծում է, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ Կառվարության նոր օրենսդրական նախագծում միանշանակ կան հարցեր, որոնք լուծված չեն:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստին քննարկվում է կուտակային կեսնաթոշակների մասին Կառավարության ներկայացրած նոր օրենսդրական նախագիծը:
«Պետք է հասկանալ, արդյոք ինչպիսին կլինի այդ լուծումների մոտեցումը, և նոր կձևավորվի մեր քվեարկության խնդիրը: Այնուամենայնիվ, մի հարց, որը որ բարձրացրել ենք, այն է, որ ոչ թե մարդը պետք է դիմում գրի, որ «ինձ մի ներգրավեք համակարգի մեջ», այլ պետք է լինի հակառակըˋ մարդը պետք է կամավորության սկզբունքով ասի, «խնդրում եմ, ներառեք ինձ այդ համակարգում»: Թող մարդիկ կամավոր որոշեն՝ կմիանան, թե ոչ կենսաթոշակային համակարգին»,-ասում է Թևան Պողոսյանը ԱԺ-ումˋ լրագրողների հետ ճեպազրույցում:
Նշենք, որ, ըստ Կառավարության առաջարկի, այն աշխատողները, որոնց աշխատավարձից պահված գումարները դեռեևս չեն փոխանցվել կենսաթոշակային ֆոնդեր, կարող են դիմում ներկայացնել գործատուին եւ հետ կստանան իրենց գումարները:
Բայց այն գումարները, որոնք փոխանցվել են կենսաթոշակային ֆոնդեր, չեն կարող հետ վերադարձվել աշխատողին:
«Այսինքն էլի կիսատ, ժամանակավոր, time out-ի նման է դրված հարցը: Այսինքն, այն գումարները, որոնք փոխանցվել են ֆոնդեր, չեն վերադարձվի, կամ կվերադարձվեն սեպտեմբերի 30-ից հետո, երբ նոր օրենքով կերեւա, թե ինչ լուծում են նախատեսում: Ինձ թվում է այդ հարցերը գալիս են կամքի խնդրից, եթե կամքը լինի՝ ամեն ինչ էլ հնարավոր է: Եվ նախկինում, ովքեր փոխանցել են, բայց ցանկանում են իրենց գումարը հետ ստանալ, այդ դիմումները պետք է գրեն եւ հետ ստանան»,- ասաց Պողոսյանը:
Այն հարցին, թե «Ժառանգություն» խմբակցությունը կողմ, թե դեմ է քվերակելու այս նախագծին՝ Պողոսյանը պատասխանեց.
«Երբ որ բարձրացված հարցերի դիմաց կլսենք վերջանական պատասխանները՝ կքննարկենք ու կորոշենք: Վաղը կարծում եմ արդեն կքվեարկենք»: