Գիրք նվիրելու տոնի առիթով կառավարության անդամները գրքեր են նվիրել Արարատի մարզի Արմաշ համայնքի գրադարանին, որոնք համայնքին են փոխանցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այս մասին հայտնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը:
Արմաշի գրադարանին գրքեր են նվիրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Քաղաքացիական ավիացիայի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը և այլք:
Կարևոր այս ակցիան իրականացվել էր հենց Ռոբերտ Ղուկասյանի կողմից, ով դեռևս ամիսներ առաջ է եղել գրադարանում և տխրել՝ հասկանալով, որ գրադարանից օգտվողներ գրեթե չկան:
«Այս նպատակով փորձ է արվում նոր ստիմուլ հաղորդել տեղի բնակիչներին, որպեսզի ավելի հաճախ այցելեն գրադարաններ, որը նաև ազդեցություն կունենա իրենց համայնքի զարգացման վրա»,- ասել է Ռուբերտ Ղուկասյանը:
Մարզպետը շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին այս գեղեցիկ և կարևոր նախաձեռնության համար:
Վերջիններս շրջել են նաև գրադարանում, ծանոթացել պայմաններին, քննարկել առաջիկա ծրագրերը, որոնց թվում է նաև էլեկտրոնային գրադարան ստեղծելը: