Շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու մեջ մեղադրվող երեք ոստիկաններ՝ Էդուարդ Զաքարյանը, Գևորգ Գևորգյանը և Վաղինակ Վարդանյանը, դատապարվեցին 4,5- ական տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Վաղինակ Վարդանյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին թմրանյութ օգտագործելու կասկածանքով վարչություն բերման ենթարկված Դավիթ Եդիգարյանից շորթմամբ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել հիշյալ բաժանմունքի ավագ օպերլիազոր Էդուարդ Զաքարյանի և օպերլիազոր Գևորգ Գևորգյանի հետ:
Իրենց պաշտոնեական լիազորությունների շրջանակում Դավիթ Եդիգարյանին պատասխանատվության չենթարկելու, վերջինիս տոքսիկաքիմիական փորձաքննության չներկայացնելու նպատակով և նրա համար այլ անբարենպաստ հետևանքներ չառաջացնելու սպառնալիքով` խմբի հանցավոր մտադրությունն ի կատար ածելու համար Էդուարդ Զաքարյանը 2012թ. դեկտեմբերի 12-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության վարչական շենքի մոտ միջնորդի` Գևորգ Մարտիրոսյանի միջոցով Դավիթ Եդիգարյանից ու վերջինիս քրոջ նշանածի՝ Խաչատուր Մանուկյանից պահանջել է 1.217.940 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի կաշառք: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆո-ն: