«Շնորհակալ եմ բոլորին՝ թե՛ իմ օգտին քվեարկածներին, թե՛ նրանց, ովքեր իմ օգտին չեն քվեարկել։ Մեզ համար բավական կարևոր պահ է։ Այսօր հայկական ֆուտբոլում մի իրադրություն է, երբ առաջին անգամ վերջին՝ շատ երկար տարիների ընթացքում, կայացել են մրցակցային ընտրություններ։
Բազմաթիվ առիթներ կլինեն անդրադառնալու այն իրողություններին, որոնք գրանցվել են վերջին մեկ ամսվա ընթացքում։ Հիմա մեկ բան կասեմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ՀՖՖ անդամ են, ՀՖՖ-ից դուրս գտնվող ֆուտբոլային սուբյեկտները, որոնք խաղի մասն են կազմում, առաջիկա ամիսների ընթացքում հավաստիանալու են, որ ՀՖՖ-ում գործընթացները լինելու են թափանցիկ։ Մենք հնարավորինս միասնական, համախմբած ֆուտբոլային ընտանիք ենք ունենալու։ Ես ամեն ինչ անելու եմ դրա համար։ Շնորհակալ եմ ներկաներին։ Հավաստիացնում եմ՝ կանենք առավելագույնը, որպեսզի արդարացնենք բոլորիս սպասելիքները»,- ասել է Արմեն Մելիքբեկյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Մելիքբեկյանը 13/7 ձայների հարաբերակցությամբ ընտրվեց ՀՖՖ 6-րդ նախագահ։
Աղբյուրը՝ Armsport.am