ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։
«Մենք շարունակում ենք ռուսական կողմին ասել, որ եթե նա շարունակի իր գիծը, ապա մենք միջազգային հանրության հետ միասին այնպես կանենք, որ Ռուսաստանը թանկ կվճարի միջազգային իրավունքը խախտելու համար», — ասել է Օբաման։
Նման հայտարարություն Օբաման արել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպման ժամանակ։ Օբաման նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը «կվերաիմաստավորի» Ղրիմի հանրաքվեի հարցը և կարգավորումը կիրականացվի դիվանագիտական ճանապարհով։ Բացի այդ, պաշտոնական Վաշինգտոնը կրկին կողմ է արտահայտվել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կոչ արել ՌԴ նախագահին ընտրել այլ ճանապարհ։Արսենի Յացենյուկն իր հերթին նշել է, որ Ուկրաինան չի պատրաստվում հանձնվել, սակայն նաև պատրաստ է երկխոսության Ռուսաստանի հետ, և այս պահին ամեն ինչ կախված է ռուսական կողմից։