Արցախի նախագահի թեկնածու, քաղաքական, հասարակական գործիչ Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
« Սիրելի՛ Արթուր, քվեարկության գնալուց առաջ որոշեցի նախ այցի գալ շիրմիդ: Մեր նորաստեղծ հանրապետության համար բախտորոշ ժամանակաշրջանում ստանձնեցիր առաջնորդի ծանրագույն պատասխանատվությունը և երիտասարդ կյանքդ զոհաբերեցիր՝ հանուն նվիրական գաղափարների: Միտքդ ու ծրագրերդ կիսատ մնացին, բայց քեզ ծնած ժողովրդի վճռականությունը չպակասեց: Դիպված որակեմ, թե պատահականություն, բայց այս օրը կրկին ճակատագրական է մեր ժողովրդի համար. տասնամյակներ առաջ կորցրեցինք առաջնորդին, հիմա նորից նախագահ ենք ընտրում: Չեմ վարանի ու կհավաստեմ, որ այս ընթացքում պատվով եմ կրել նաև քեզանից ժառանգած նվիրականությունը՝ այն ի սպաս դնելով հայրենիքի շենացման վեհ գործին:
Խոնարհվում եմ հիշատակիդ առջև և, որպես յուրօրինակ երդում, խոստանում՝ ընտրվելուս պարագայում կանեմ առավելագույնը մեր երազանքների Արցախը կերտելու համար:
Հ.Գ.
Մարտական դիրքում էի, երբ լսեցի պետական և քաղաքական գործիչ Արթուր Մկրտչյանի մահվան բոթը: Այն իրապես ցնցեց դիրքապահ զինվորներիս:
Տարիներ են անցել, բայց լավագույն դատավորը շարունակում է մնալ ժամանակը…»