տուն Քաղաքական Հայաստան Կանանց տոների ֆենոմենը

Կանանց տոների ֆենոմենը

360
0
Մենք՝ տղամարդիկս, միշտ հիշում, գնահատում, հարգում ու ամենակարևորը՝ շատ ենք սիրում ձեզ, սիրելի մայրեր, կանայք ու աղջիկներ: Ո՞վ է ասել, թե ձեզ գովերգելու համար հատուկ տոնացույց է պետք։ Էդ միֆը դուք եք հորինել՝ չգիտեմ էլ ինչու։
Օրինակ, ինձ չի կարող տոնն ուղղորդել հիշելու ինձ համար հարազատ ու սիրելի կանանց։
Ճիշտ է, մինչ այսօր դեռ ոչ մի տղամարդ չի պարզել, թե ինչ է ի վերջո ուզում կինը, բայց, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք փնտրտուքը՝ գուցե հնարավոր լինի պարզել։ Իսկ եթե ավելի լուրջ՝ տղամարդկանց հենց դա էլ դուր է գալիս՝ ձեր անընդհատ փոփոխվող նախընտրությունները, քմահաճույքներն ու երբեմն անհասկանալի թվացող պահվածքը։ Ու մի բան էլ՝ մեր կյանքն առանց ձեզ անհետաքրքիր կլիներ: 
Տղամարդկանց մեծ մասը զգացմունքներն արտահայտելու հարցում այնքան էլ ակտիվ չեն, իսկ մեկամսյակն օգնում է շատերիս ազատ թողնել զգացմունքները՝ հանուն ձեր գեղեցիկ գարնանային ժպիտի։
Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած հատվածը ոչ թե տարին մեկ ամիս ձեզ գնահատելու շրջան է, այլ տասնմեկ ամիսների մեկամսյա հանրագումարն է։
Ինչ խոսք, այս տարի բավականին էքստրեմալ ստացվեց ապրիլյոթյան այս հրաշալի տոնը։ Երեկ դուրս էի եկել խանութ։ Փորձում էի մի հետաքրքիր նվեր գտնել, բայց մթերային խանութում ինչ նվեր։ Հետո, ինձ մխիթարեցի, որ կարևորը նվեր չէ, կարևորն այն է, որ մենք ՇԱՏ ԵՆՔ ՍԻՐՈՒՄ ձեզ, դողում ձեր կյանքի ամեն մի վայրկյանի վրա:
Արտակարգ դրության պայմաններում, մենք ևս մեկ անգամ հասկացանք, որ դուք՝ սիրելի մայրեր, քույրեր, կանայք ու աղջիկներ, դուք անփոխարինելի, անչափելի արժեքներ եք։ Դուք եք մեզ մոտիվացնում, խթանում մեր առաջխաղացումը։
Ինձ թվում է՝ ամեն բան ասացի։ Ուղղակի շնորհավորելու փոխարեն կասեմ, որ այսօր Ավետիս է։ Թող մեր կյանքի բոլոր առավոտները ավետիսով սկսվեն, թող բոլորիս ընտանիքներում մայրական սերն ու ջերմությունն անպակաս լինի, կանայք սիրեն ու սիրված լինեն, գեղանի օրիորդները փթթեն ու գեղեցիկով շրջապատեն աշխարհը։ Թող Աստվածամոր աղոթքով և գարնանային ծաղիկներով պարուրվի ձեր կյանքը:
Շնորհավոր Ապրիլի 7։
Հայկ Մագոյան