««ԿԱՆԱԶ»-ի միջադեպի դասերը
Հանգստյան օրերին քննարկվող գլխավոր թեման «ԿԱՆԱԶ»-ի կայազորի կլինիկական զինվորական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպն էր, երբ մի քանի զինծառայողներ իրար հետ վիճաբանել էին, քաշքշել նաև նույն բաժանմունքի հերթապահ բժշկին, ապա՝ փախուստի դիմել (այս պահի դրությամբ 4 զինծառայողն էլ վերադարձվել են):
Որպես կանոն, մանավանդ` զինծառայողների հետ կապված հարցերին, հասարակությունը բավականին զգացմունքային է արձագանքում: Իսկ վերջին տարիներին, բանակում տեղի ունեցող միջադեպերը, հասարակության ակտիվ զանգվածի շրջանում բավականին սուր քննարկման առարկա են դառնում:
Այս միջադեպի առնչությամբ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ կարևոր հանգամանքներին: Առաջին, ովքե՞ր էին այս զինծառայողները, ի՞նչ հանգամանքներում էին վերջիններս հայտնվել «ԿԱՆԱԶ»-ում, ի՞նչ զարգացումների արդյունքում է վեճին ներգրավվել հերթապահ բժիշկը (ի դեպ, բժշկի՝ վեճին ներգրավվելու ու որպես տուժող ներկայանալու խնդրին, կարծես, անդրադարձ չարվեց), և վերջապես, ինչո՞ւ է ռազմական ոստիկանության կերպարը շարունակում է ընկալվել որպես «պատժիչ», «արյունարբու»:
Միգուցե, վերջին տարիներին ՌՈ-ում որակական փոփոխություններ են իրականացվել, ինչը դեռևս հասարակության համար նկատելի չէ, սակայն պետք է արձանագրել, որ ռազմական ոստիկանի այն կերպարը, որը ձևավորվել էր դեռ 1990-ականներին, էական փոփոխությունների չի ենթարկվել: ՌՈ-ն հիմնականում ընկալվում է որպես մի մարմին, որը նույնիսկ նախկինում զինվորական ծառայության մեջ գտնվողների մոտ ասոցացվում է «բութ գործիքի» հետ, որը «ահ ու սարսափ» է տարածում զինծառայողների շրջանում:
Ի դեպ, առաջին անգամ չէ, որ «ԿԱՆԱԶ»-ի հոսպիտալի անունը շրջանառվում է տարբեր «չեպեների» համատեքստում (այնտեղ նաև որոշակի կոռոպցիոն ռիսկեր են առկա, ինչի մասին լուրեր տարբեր ժամանակաշրջանում մամուլում շրջանառվել է): Վաղուց ժամանակն է մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել այդ հաստատությունում ու առհասարակ այն պահել ուշադրության կենտրոնում, այդ թվում՝ հասարակական:
Երկրորդ, ՌՈ-ն, կարծես թե, դարձել է այն «աքիլեսյան գարշապարը», որը ժամանակ առ ժամանակ, բավականին ծանր հարվածներ է հասցնում ոչ միայն ՊՆ հեղինակությանը, այլև` հաճախ հայտնվում «աղմկոտ միջադեպերի» կիզակետում: Համենայն դեպս, տպավորություն է ստեղծվել, որ ՊՆ-ում իրականացվող բարեփոխումները շրջանցել են ՌՈ-ն: Ակնհայտ է, որ այն լուրջ բարեփոխումների կարիք ունի:
Երրորդ, համապատասխան մարմինը, պետք է հնարավորինս կարճ ժամկետում ավարտի հետաքննությունը ու պատշաճ պարզաբանում ներկայացնի տեղի ունեցած միջադեպի պատճառների մասին՝ ֆիքսելով կոնկրետ պատասխանատուներին»:
Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը Ֆեյսբուքում