Կանադայի կառավարությունը հայտարարել է երկրում օտարերկրյա ուսանողների թվի կրկնապատկման ծրագրերի մասին։ Այս ցուցակում կընդգրկվեն նաև ասպիրանտները և վերապատրաստման համար դիմած ուսանողները։
Այս մասին հայտարարել է միջազգային առևտրի նախարար Էդվարդ Ֆասթը՝ ելույթ ունենալով Տորոնտոյի համալսարանում։ Նա ասել է, որ Կանադան նախատեսում է մինչև 2022 թվականը օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել 450 հազարի։ Սա թույլ կտա մեծացնել երկրի նորարարական ներուժը և ավելի զարգացնել երկրի տնտեսությունը։ «Մեր կառավարությունն ընդունում է, որ միջազգային կրթությունը առանցքային նշանակություն ունի նոր աշխատատեղերի ստեղծման և Կանադայի բոլոր շրջաններում բարեկեցության ավելացման համար։ Մենք պետք է համոզված լինենք, որ Կանադան շարունակելու է մնալ առաջնային դիրքերում՝ համաշխարհային շուկայում մրցակցային կատաղի պայքարում։ Այս ռազմավարությունը կօգնի Կանադային պաշտպանել իր կոմերցիոն շահերը ամբողջ աշխարհի հեռանկարային շուկաներում»,- ասել է Ֆասթը։
Նա նաեւ ասել է, որ առաջնային ուշադրություն է դարձվելու Բրազիլիայից, Թուրքիայից, Չինաստանից, Հնդկաստանից, Մեքսիկայից, Վիետնամից ուսանողների ներգրավմանը։