ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին առաջիկայում պատրաստվում է այցելել Հարավային Կովկաս, սակայն հայտնի չէ, թե արդյոք այդ այցը կդառնա տարածաշրջանային, քանի որ առայժմ պարզ չէ, թե Քերին կացելի՞ Հայաստան: Գրում է NG.ru-ն:
Հաստատ հայտնի է, որ Քերին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել է «Վեստնիկ Կավկազա»-ն` չնշելով աղբյուրը, այլ միայն շեշտելով, որ այս այցը կատարվելու է ի հավելումն հունվարին արված այն հայտարարության, որ «ԱՄՆ-ն պատրաստվում է ամեն հնարավոր աջակցությունը ցուցաբերել Ադրբեջանին»: Վրացական աղբյուրները նշում են, որ Քերին Թբիլիսի նույնպես կայցելի, սակայն ժամկետները չեն հստակեցվում:
Ամերիկյան դիվանագիտությունը շատ է ակտիվացել նախկին ԽՍՀՄ տարածքում` Վիկտորիա Նուլանդն այցելել է Մոլդովա, նրա գործընկեր Նիշա Դեսային` Ղազախստան և Ղղզստան, իսկ հիմա պետքարտուղարը ցանկանում է այցելել Ադրբեջան և Վրաստան: պաշտոնական հաղորդագրություններումնշվում է, որ քննարկվելու են երկկողմ հարաբերություններ, սակայն բոլորին ակհայտ է, որ ամերիկյան կողմը փորձում է շոշփել այստեղի իշխանությունների տրամադրությունները վերջին զարգացումների համատեքստում:
«Հարավային Կովկաս» ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն այս այցելությունը նշանակալի է համարում ամերիկաադրբեջանական հարաբերություններում: Քերիի այցը նա համեմատել է Հիլարի Քլինթոնի և Դիք Չեյնիի այցերի հետ: «Քլինթոնի այցից առաջ հնչել էր Վաշինգտոնի և Բաքվի միջև «մեծ մերձեցման»մասին, սակայն դա տեղի չունեցավ: Իսկ Չեյնին այստեղ ժամանեց 2008 թվականի օգոստոսի պատերազմից անմիջապես հետո: Սակայն այդ այցից հետո էլ երկկողմ հարաբերություններում կտրուկ քայլեր չեղան»,- ասել է նա` այդուհանդերձ նշելով, որ յուրաքանչյուր այց տարբերվում է մյուսից:
Ըստ աղբյուրների` չի բացառվում, որ Քերին քննարկելու է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական դաշինքի ստեղծումը: Երկու կողմերը նախապատրաստում են ռազմական համագործակցության մեծ փաթեթ, ինչի մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներին: Աղբյուրները նշում են, որ սկզբում ՆԱՏՕ-ն փորձել է խոչընդոտել Անկարայի և Բաքվի միջև այս համաձայնագրերի ստորագրում, սակայն ուկրաինական դեպքերից հետո կանաչ լույս է վառվել նոր դաշինքի ձևավորմա հարցում:
Վրաստան այցելության պատճառներն ավելի հստակ են և կանցնեն ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական հարաբերությունների համատեքստում:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա հայտնի չէ, թե արդյոք Քերին կլինի ՀԱՊԿ անդամ Հայաստանում: Նրա այցը հնարավոր է տեղի ունենա, քանի որ մի քանի օր առաջ ՆԱՏՕ-ն ընդունել է Հայաստանի, Սոլդովայի և Ադրբեջանի հետ համագործակցելու նոր ծրագիր: Այս այցը նաև ընթանալու է ամերիկյան լրատվամիջոցներում տարածաշրջանի երկրների նկատմամբ ռուսական հնարավոր ագրեսիայի քննարկման փուլում: Մասնավորապես, երկու օր առաջ ԱՄՆ կոնգրեսի հետախուզության հանձնաժողովի ներկայացուցիչ Մայք Ռոջերսն ասել էր, որ Ռուսաստանը նոր ագրեսիա է նախապատրաստում Վրաստանի և Հայաստանի դեմ: Սակայն տարօրինակ է, որ այս ցանկում նշվում է Հայաստանը. ոչ մի խոսք Հայաստան նեխուժման մասին լինել չի կարող, քանի որ ռուսներն արդեն այնտեղ են և Գյումրիում ունեն իրենց ռազմաբազան, եզրակացնում է հոդվածագիրը: Հավանաբար, սա ապրիլմեկյան կատակ էր:
Չնայած Վաշինգտոնը դժգոհ է Ղրիմի հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումից, այնուամենանիվ Քերիի այցը կլինի տարածաշրջանային, նշում է հոդվածագիրը: Այլապես չայցելելով Հայաստան և նման վերաբերմունք դրսևորելով այդ երկրի նկատմամբ` Վաշինգտոնը Հայաստանին վերջնականապես կմղի ռուսական ուղեծիր, ինչն ամենևին էլ չի տեղավորվում ամերիկյան քաղաքականության մեջ։ Բացի այդ, Քերին անցած տարվա վերջում խոստացել էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ այցելել Հայաստան: