Ոստիկանները հարավային Կալիֆոռնիայում ձերբակալել են ավելի քան 100 հոգու այն բանից հետո, երբ ուսանողական խնջույքը վերածվել է ոստիկանության հետ փողոցային բախումների։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Այս շրջանի շերիֆի հաղորդած տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Այլա-Վիստա առափնյա շրջանում, ուր ուսանողները նշում էին գարնանային արձակուրդները։ Բախումները սկսվել են, երբ խնջույքի մասնակիցներից մեկը ոստիկանության աշխատակիցներից մեկի դեմքին խփել է շշերով լի պայուսակով։ Որոշ ժամանակ անց հազարավոր ուսանողներ արդեն քարեր և շշեր էին նետում հարյուրավոր ոստիկանների վրա։ Բացի այդ, երիտասարդներն այրել են մեքենաներ, կոտրել նրանց ապակիները։
Վայրագ ուսանողներին հանդարտեցնելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ինչի հետևանքով 44 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ, այդ թվում՝ մի քանի իրավապահ։