տուն Քաղաքական Հայաստան Կա՞ն անընդհատ հոսանքազրկումներ Էջմիածնում. ՀԷՑ-ի պարզաբանումը

Կա՞ն անընդհատ հոսանքազրկումներ Էջմիածնում. ՀԷՑ-ի պարզաբանումը

434
0

Հանրությանը հուզող ցանկացած խնդիր մեր ուշադրության կենտրոնում է:

Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Աննա Սիմոնյան անունով օգտատերը հանդես է եկել առաջարկությամբ, որ Էջմիածնում վերջին ամիսների էլեկտրամատակարարման վիճակի մասին քաղաքացիները բարձրաձայնեն և դիմեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:

Աննա Սիմոնյանի գրառման մեջ մասնավորապես ասվում է, որ շուրջ երեք ամիս է՝ Էջմիածին քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարումը գտնվում է խայտառակ վիճակում։ Վերջին երեք օրերին կաթվածահար է քաղաքի գրեթե 80%-ը, հոսանքի անընդհատ անջատումների պատճառով տնտեսվարողներն ու բնակչությունը կանգնել են մեծ խնդիրների առաջ, ունեն մեծ կորուստներ։

«Արդյո՞ք երեք ամիս միևնույն գծի վրա վթար է, պատճառաբանությունը ընդունելի է։
Էլեկտրական էներգիայի մատակարարման սպառողների հետ կնքված պայմանագրում ոչ մի կետ չկա էլեկտրաէներգիայի երկարաժամկետ անջատումների պատճառով մատակարարի պատասխանատվության, քաղաքացիների վնասները փոխհատուցելու որևէ ձևի մասին։ Միայն սպառողների պարտավորության մասին է նշված՝ չես վճարի կանջատեքն։ Է որ վճարել ենք ինչ, հոսանքն ուր է….»,- գրել է Աննա Սիմոնյանը:

Որպեսզի պարզենք, թե որն է հոսանքազրկումների պատճառը, և արդյոք երեք ամիս շարունակ անջատումներ են տեղի ունենում Էջմիածնում, թե ոչ, զրուցեցինք «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ:

Ն. Սարջանյանն ասաց, որ պարբերաբար եղել են անջատումներ, բայց դրանք քամիների և վթարների հետևանքով են:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում, կան թաղամասեր, որտեղ եղել են անջատումներ: Քամիների պատճառով ունեցել ենք վթարներ: Ունեցել ենք նաև ստորգետնյա մալուխային ցանցի վթար: Կարճիկյան 1 հասցեում երեկ ենք ունեցել վթար, որ մասամբ վերականգնվել է: Բնականաբար, վերջին երեք ամսվա ընթացքում վնասվել են մալուխներ, որոնք վերանորոգվել են: Այո, տարբեր թաղամասերում ունեցել ենք վթարային հոսանքազրկումներ, որոնք վերականգնվել են սահմանված ժամկետներում: Իսկ 80 տոկոս մասսայականություն ունեցող անջատումներ, որպես այդպիսին, չեն եղել»,- նշեց Նատալյա Սարջանյանը:

Մեր ընթերցողներին ներկայացրեցինք պաշտոնական պարզաբանումը: Իսկ էջմիածինցիները կդիմե՞ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, թե ոչ` ժամանակը ցույց կտա:

Հայկ Մագոյան