տուն Հասարակություն Կա՛մ պետք է ունենան անձանց համաձայնությունը, կա՛մ պետք է լինի օրենքով

Կա՛մ պետք է ունենան անձանց համաձայնությունը, կա՛մ պետք է լինի օրենքով

353
0

Օրերս տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարություն էր արել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայաստանյան ինտերնետ պրովայդերներին գրություն է ուղարկել «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ, որով, ըստ փորձագետի, փորձ է արվում առանց հանրային քննարկման՝ վերահսկել ինտերնետային ոլորտը։

Հարցի շուրջ հայտարարությամբ հանդես եկավ ՀԾԿՀ-ն՝ նշելով, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որևէ իրավասություն չունեն, ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որևէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում): ՀԾԿՀ-ն նաև հայտնում էր, որ ծածուկ քննարկումներ չեն իրականացրել։

Արդյոք ինտերնետ պրովայդերների կողմից արխիվների պահպանման հարցը կարո՞ղ է անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիրներ առաջացնել և արդյոք հանրային քննարկման անհրաժեշտություն կար, թե ոչ, այս և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ը զրուցել է «Ինֆորմացիայի Ազատության Կենտրոնի» նախագահ Շուշան Դոյդոյանի հետ։

Դոյդոյանը համոզմունք հայտնեց, որ ակտը կարող է վնասել անձնական տվյալների պաշտպանությանը․ «Առանց տվյալ անձի իմանալու, առանց համաձայնության՝ վերահսկվում են մարդկանց գործողությունները, կյանքը առցանց տիրույթում։ Դա արդեն խնդիր է, անձնական տվյալի մշակում է, որը բացառապես պետք է լինի օրենքի հիման վրան և օրենքով սահմանված կարգով և ոչ թե ինչ-որ թղթիկով կամ որոշումով, որը ցածր իրավական ուժ ունի։ Սա է ամենալուրջ մտահոգությունը, որը հայտնել եմ»։

Դոյդոյանը նշեց, որ այստեղ խնդիրը միայն տեխնիկական չէ․ «Հարցը անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքի ոլորտում է և բացառապես Անձնական տվյալների պաշտպանության գործակալության իմացությամբ, կոորդինացիայով պետք է  արվի ցանկացած նորամուծություն, որ այս ոլորտում մտադիր են իրականացնել։ Սա է խնդիրը։

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահի խոսքով՝ սա անձնական տվյալի մշակում է և արգելված է անել որևէ ենթաօրենսդրական ակտի հիման վրա․ «Կա՛մ պետք է ունենան անձանց համաձայնությունը, կա՛մ պետք է լինի օրենքով։ Հիմա ոչ նա կա, ոչ նա, միայն մի ենթաօրենսդրական ակտով փորձ է արվում լուծել հարցը, դա օրենքի խախտում եմ համարում։ Ճիշտ կլինի, որ գործակալությունը, ի վերջո, խոսի, կարծիք հայտնի այդ մասին»։

Իսկ ինչ կարծիք ունի ՀԾԿՀ-ի հայտարարության մասով․ «Իրականում ՀԾԿՀ-ն ոչ մի դիրքորոշում չի հայտնել, ուղղակի ասում է՝ բովանդակությունը չենք նայելու, քիչ էր մնում մի հատ էլ կարող է բովանդակությունը նայեին, որը բացառապես դատարանի որոշման հիման վրա է արվում։ Այդ պահը զավեշտալի էր»,- արձագանքեց նա։

Իսկ արդյոք հարցը կարիք ո՞ւնի հանրային քննարկման, ինչը, ըստ էության, չի եղել․ «Միանշանակ, պետք է հարցը դրվի հանրային քննարկման։ Նախ պետք է հարցը մշակվի ԱՏՊ գործակալության հետ, հետո դրվի մասնագիտական հանրային քննարկման, մասնավորապես՝ մասնագիտական ՀԿ-ների, ինտերնետ կառավարման խորհրդի հետ»։

Դոյդոյանի համար զարմանալի է այն, որ այս ամսվա սկզբին IT ոլորտին առնչվող կարևորագույն համաշխարհային մակարդակի միջոցառումներ տեղի ունեցան Հայաստանում և այդ ամենից հետո նման ենթաօրենսդրական ակտ է առաջ քաշվում։

«Ընդ որում՝ նախարարությունը որևէ բառ չի ասում անձնական տվյալների մասին, ու դա էլ է անհանգստացնում։ Հարցեր կան, որոնց պատասխանները չեմ ստացել ո՛չ հայտարարությունից, ո՛չ էլ բանավոր հարցազրույցներից։ Սպասում եմ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության արձագանքին, որը պետք է մասնագիտական գնահատական տա՝ ինչ խնդիրներ է տեսնում»,- եզրափակեց Դոյդոյանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here