Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի ութ փողոց՝ մոտ 2 կիլոմետր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տրամադրած տվյալների համաձայն՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 105 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 63 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 42 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինարի համայնքապետարանից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ասֆալտապատվելու են 3-րդ թաղամասի 4-րդ, 19-րդ, 6-րդ, առաջին թաղամասի 5-րդ և 7-րդ, 8-րդ թաղամասի 18-րդ, 6-րդ թաղամասի 2-րդ փողոցները:
«Բոլոր փողոցները ճյուղավորվում են գյուղի կենտրոնական ճանապարհից, որն ամբողջությամբ հիմնանորոգվել է նախորդ տարիների ընթացքում:
Հիմա մեզ մնում է մտածել բոլոր այն երկրորդական ճանապարհների հիմնանորոգման մասին, որոնք կարիք ունեն արդիականացման ու բարեկարգման: Կենսական կարևոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում մեր համայնքի հարյուրավոր ընտանիքների կյանքում կարձանագրվի բարելավման ու առաջընթացի լուրջ քայլ: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: Աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ներկայացրեց Ծովինար համայնքի ղեկավարը:
Ծովինարի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման համար նախատեսված ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 19 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 13,3 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 5,7 միլիոն դրամը՝ Ծովինարի համայնքապետարանը: Ծովինարի համայնքապետարանի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ ջրահեռացման և ոռոգման առուները կառուցվում են երկաթբետոնյա կիսախողովակներով, շուրջ 430 գծամետր երկարությամբ: 330 գծամետրը կառուցվելու է 3-րդ թաղամասի 19-րդ փողոցում, 100 գծամետրը՝ 4-րդ թաղամասի 3-րդ փողոցում:
«Առուների կառուցմամբ երկու կարևոր խնդիր է լուծվում: Առաջին հերթին կարգավորվում է հիմնանորոգվող ճանապարհների ջրահեռացման, երկրորդ հերթին՝ ոռոգման ջրի կանոնավոր ու անկորուստ մատակարարման խնդիրը: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի ինչպես տնամերձ, այնպես էլ սեփականաշնորհված հողամասերի ոռոգումը շուրջ 25 հեկտար տարածքում: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերի ընթացքում»,- ներկայացրեց Ծովինարի համայնքի ղեկավարը: