տուն Լուրեր Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ

Ծնունդդ շնորհավոր, Սպարապետ

182
0

Vazgen Sargsyan

 

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում, ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա կերպարը դա է: Ինձ չեն հասկանում, ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մէկ-մէկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, որ ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու` ա՜յ ժողովուրդ, իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար, ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես Հայ եմ»….

Վազգեն Սարգսյան

 Հայ ազգը վառ անհատականությունների պակաս երբեք չի ունեցել, բայց միշտ էլ զգացել է պետականամետ այնպիսի գործիչների կարիք, որոնք, համատեղելով ռազմական, քաղաքական ու ստեղծագործական գործունեությունը, նաև բացել են ազգի առջև ծառացած հրատապ խնդիրներին հասնելու ճանապարհը։ Ազատագրական պայքարի վերելքի ամեն մի շրջան ծնում է իր հերոսներին, իսկ հերոսների շարքից առանձնանում է Առաջնորդը… Ավաղ, մեր ժողովուրդը հաճախ ժամանակին չի ճանաչել իր Առաջնորդին, և հենց դա էլ եղել է նրա դժբախտությունը։ Մեր պատմությունը վկա։

Ժամանակն է ծնում նշանավոր անհատներին, իսկ անհատներն էլ, իրենց հերթին, ձև ու կերպ են տալիս ժամանակին: Այդպիսի անհատ եղավ և Վազգեն Սարգսյանը:

Մեր նորագույն պատմության վառ անհատականություններից և Հայաստանի Երրորդ Հանրապետության ճարտարապետներից մեկը, գուցեև ամենակարկառունը Վազգեն Սարգսյանն է։ Վազգենը գիտեր, որ միայն սեփական բազկին ապավինելով կարելի է հայրենիքը պաշտպանել, ձեռնամուխ եղավ ժողովրդի զինված ինքնապաշտպանությունը կազմակերպելու գործին. «Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել»։

 

Վազգեն Զավենի Սարգսյանը ծնվել է 1959թ. մարտի 5-ին, Հայաստանի Արարատի շրջանի Արարատ գյուղում։

 

Գյուղի միջնակարագ դպրոցն ավարտելուց հետո 1979թ. ընդունվել է Երեւանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։

1979-83թթ. Վազգեն Սարգսյանը դասավանդել է հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-87թթ. գլխավորել է Արարատի ցեմենտ-շիֆերի կոմբինատի կոմերիտական կազմակերպությունը։

 

Վազգեն Սարգսյանն ակտիվ հասարակական կյանք մուտք է գործել որպես գրող-լրագրող։

1985թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։

1987-90թթ. աշխատակցել է  «Գարուն» ամսագրին, որպես հրապարակախոսության բաժնի վարիչ։

1987թ. «Հացի փորձություն» գրքի համար նա արժանացել է Հայաստանի Կոմերիտմիության մրցանակին։

Արցախյան ազատամարտն էականորեն պայմանավորեց Վազգեն Սարգսյանի հետագա ճակատագիրը։

 

Շարժման առաջին իսկ օրերից նա ազատամարտիկների շարքերում էր` իբրեւ արցախյան ազատագրական պայքարի առաջին կազմակերպիչներից մեկը։

 

1990-91թթ. իր հրամանատարության ներքո միավորել է Երկրապահ կամավորական ջոկատները, եղել է ՀԽՍՀ երագույն խորհրդի պատգամավոր, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։

 

Նա խոշոր ավանդ է ներդրել հայրենի հողն ու սահմանները թշնամու ոտնձգություններից զերծ պահելու, մարտի դաշտում մեր ժողովրդի քաջարի զավակների հաղթանակը կռելու գործում։

 

Վազգեն Սարգսյանը մեծ ջանքեր է ներդրել Հայաստանի պետական շինարարության մեջ։

Անուրանալի է Վազգեն Սարգսյանի դերը ազգային բանակի ստեղծման գործում։

 

Նրա էության եւ խառնվածքի գլխավոր գծերից մեկը շիտակությունն էր` մի հատկանիշ, որ լավագույնս դրսեւորվեց բանակաշինության ընթացքում։

 

Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ անհավատալիորեն ներդաշնակ ընթացավ կադրային սպաների եւ երկրապահաների մերձեցումը։ Իր մեջ ի սկզբանե ընդգծված պետական մտածողությունը նա փոխանցում էր հասարակության տարբեր խավերից ելած իր զինակիցներին։

1991թ. Վազգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար։

1992-93թթ. եղել է ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։

1993-95թթ. նա զբաղեցրել է ուժային կառույցների համակարգման հարցերով ՀՀ պետական նախարարի պաշտոնը։

1995-98թթ. վերստին գլխավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

1993թ.- ին հիմնադրել է «ՙԵրկրապահ Կամավորականների միությունը»՝ ընտրվելով ԵԿՄ նախագահ։

1995-1999թթ. կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1998թ. արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ «Ոսկե արծիվ» շքանշանի։

1999թ.-ից մտել է քաղաքական դաշտ, դառնալով «Հանրապետական» կուսակցության առաջնորդ: 1999թ. հունիսից դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այդ կարճ ժամանակամիջոցում նա դրսեւորեց պետական տաղանդավոր գործիչի նոր բարձր որակներ։

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Սարգսյանը զոհվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում, ոճրագործի դավադիր գնդակից, ողբերգական մահով։ 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչման եւ Հայրենիք շքանշանի։

 

Գարիկ Ավետիսյան