Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում այս տարի եղել է 250 ծնունդ:
Ըստ բաժանմունքի վարիչ Անդրանիկ Այվազյանիˋ 20-25 տարվա ընթացքում ծնելիությունը իրենց շրջանում նվազել է 3 անգամ:
«Ժողովրդի ծնելիությունը սովետական ժամանակ եղել է 18-20 պրոմիլ, հիմա 16 է: Այսինքն 1000 բնակչին այդքան ծնունդ էր ընկնում: Մինչեւ 2000 թ-ը եղել է 400 ծնունդ, բայց հիմա շատ նվազել է, դե ժողովրդի քանակն էլ է պակասել»,-ասում է Այվազյանը:
Նոյեմբերյանի երկրորդ կարգի բժշկական կենտրոնը վերանորոգվելու է 2011 թ-ին: Կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերելու են գալիս նաեւ սահմանամերձ գյուղերից:
«Սահմանամերձ գյուղ կա տարեկան 3 երեխա է ծնվում: Գյուղ էլ կա 30: Մեր շրջանում բնակչության 30 տոկոսն է, որ երեք երեխա է ունենում»,-հավելում է Այվազյանը:
Հղիության արհեստական ընդհատման դեպքերը, ըստ բաժանմունքի բժիշկների, վերջին տարիներին քիչ են: Այս տարի եղել է մոտ 20-22 դեպք հղիության ընդհատման:
«Մենք բացատրում ենք աբորտի բարդությունները հղիներին: Բայց շատ ժամանակ ամուսինները արտասահմանում են լինում, գալիս են, չեն ուզում պահպանակ օգտագործել ու կանայք հղի գալիս են աբորտի դիմելու: Մենք նրանց բացատրում ենք, որ պահպանակ օգտագործելու դեպքում կկանխվի նաեւ մի շարք հիվանդություններ` սեռական ճանապարհով փոխանցվող»,-ասում է մանկաբարձ-գինեկոլոգ Քնարիկ Սարկիսովան:
Նա նշում է, որ կանանց մոտ սեռավարակները հիմնականում ի հայտ է գալիս արտագնա աշխատանքի մեկնող իրենց ամուսինների պատճառով:
«Դե հայ տղամարդիկ էլ ասում են. «ես տղամարդ եմ, պահպանակը ինչ եմ անում»: Մենթալիտետը շատ ցածր է էլի այդ առումով տղամարդկանց մոտ»,-ասում է Սարկիսովան:
Նա նշում է, որ տարածված է խնդիր նաեւ սայտոտեկի օգտագործումը` որպես դեղորայքային ընդհատման տարբերակ:
«Դեղատներում աշխատում են ոչ բժիշկներ, հետեւանքները չգիտեն այդ դեղի օգտագործումից հետո: Հղիները օգտագործում են ու արյունահոսությամբ գալիս են հիվանդանոց: Հետո ամիսներով , տարիներով այդ հիվանդների հորմոնալ ֆոնը կարգավորում ենք, որպեսզի հիվանդին դուրս բերենք այդ վիճակից»,-հավելում է Սարկիսովան:
Մանկաբարձ -գինեկլոգը նշում է, որ արհեստական ընդհատման հիմնական պատճառն այն է, որ մարդիկ չեն պլանավորում իրենց երեխաներին, չեն օգտագործում հակաբեղմնավորիչներ կամ պահպանակներ, եւ արդյունքում ստիպված դիմում են արհեստական ընդհատման:
Լիլիթ Առաքելյան