Մարտի 30-ին Արարատյան դաշտավայրում սպասվում է մինչև -4 աստիճան ցուրտ: Ջերմաստիճանի նման անկումը լուրջ վտանգի առաջ է կանգնեցնելու գյուղատնտեսության ոլորտը: Ինչպես հայտնի է Արարատի դաշտավայրից է ստացվում ծիրանի բերքի մեծ մասը: Ծիրանենիները սովորաբար ծաղկում են ապրիլի 1-ի կողմերը, սակայն այս տարի ծաղկման պրոցեսը ավելի վաղ է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում են մասնագետները 0-ից ցածր ջերմաստիճանը վտանգավոր կարող է լինել ծիրանենիների համար:
Գյուղատնտեսության նախարարությունը դեռևս չի արձագանքել սպասվող ցրտահարության վտանգներին: Արարատի մարզի գյուղերի բնակիչները անհանգստացած են, քանի որ արդեն հասցրել են մեծ քանակությամբ աշխատանքներ իրականացնել.«Բանկերից գումարներ ենք վերցրել և բուժումներ իրականացրել: Բերքի ցրտահարության դեպքում էլի մնալու ենք մենակ մեր խնդիրների հետ»,-ասաց Արարատի մարզի Ավշար համայնքի բնակիչ Վարդան Մակինյանը:
Մեր զրուցակիցը չի կարծում, թե պետությունը կարող է որևէ քայլ ձեռնարկել ցրտահարության դեմ, սակայն հույս ունի, որ ցրտահարություն լինելու դեպքում վարկերի հարցում մեղմ կվերաբերվեն: