տուն Հասարակություն Իրավական Ծեծկռտուք առեւտրի կենտրոնում. քաղաքացուն հասցվել է ծանր վնաս

Ծեծկռտուք առեւտրի կենտրոնում. քաղաքացուն հասցվել է ծանր վնաս

584
0

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են առեւտրի կենտրոնում Երեւանի բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Երեւանի 29-ամյա բնակիչը, մի խումբ անձանց հետ, Երեւանի առեւտրի կենտրոններից մեկում գործող խանութ սրահի դիմաց վիճաբանել է Երեւանի մեկ այլ բնակչի հետ, որից հետո վիճաբանությունը շարունակվել է նույն առեւտրի կենտրոնում գտնվող առանձին սենյակում:

Վիճաբանության ընթացքում, քաղաքացու առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, վերջիններս ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Երեւանի բնակչի գլխին եւ մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Երեւանի 29-ամյա բնակչի մասով նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, իսկ վերջինիս հետ ենթադրյալ հանցագործությունը կատարած մյուս անձանց վերաբերյալ մասն անջատվել է, առանձնացվել առանձին վարույթում, որով նախաքննությունը շարունակվում է: