Թաիլանդական Պատտայա քաղաքում, ինչպես հայտնի է, այս օրերին մեկնարկում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Տոկիո-2020-ի համար վարկանիշային այս ստուգատեսում Հայաստանը 9 ներկայացուցիչ կունենա՝ 7 տղա և 2 աղջիկ:
Մեր ծանրորդներն ԱԱ-ում պայքարը կսկսեն սեպտեմբերի 21-ից: Առաջինը մրցահարթակ դուրս կգան աղջիկները:
Շաբաթ օրը պայքարը կսկսի 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, որը հանդես է գալու B ենթախմբում: Յայլյանի մրցումների մեկնարկն առավոտյան 09:00-ից է:
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ 87 կգ քաշային Տաթև Հակոբյանը կմոտենա ծանրաձողին: Տաթևն ընդգրվկած է A ենթախմբում, իսկ մրցման մեկնարկը 14:55-ից է:
Սեպտեմբերի 22-ից պայքարի դուրս կգա Հայաստանի տղամարդկանց հավաքականը: Մեկնարկը կտա 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը (A ենթախումբ, 14:55)
Սեպտեմբերի 23-ին Հայաստանի միանգամից 2 ծանրորդ կսկսի պայքարը: 89 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացնող Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանն ընդգրկված են A ենթախբում, իսկ մրցումները կսկսեն Երևանի ժամանակով 17:25-ից։
Սեպտեմբերի 25-ին ԱԱ-ում իր ուժերը կփորձի 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը. մրցման մեկնարկը դարձյալ 17:25-ից է:
109 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ դուրս կգա սեպտեմբերի 26-ին: Հայ ծանրորդը պայքարի դուրս կգա ու ոսկե մեդալի համար կպայքարի Երևանի ժամանակով 14:55-ից։
Մրցումային վերջին օրը դարձյալ երկու ներկայացուցիչ կունենանք. սեպտեմբերի 27-ին +109 կգ քաշային կարգում պայքարի դուրս կգան Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Մեր ծանրորդների մրցելույթներին կարող եք հետևել 12:55-ից:
Նշենք՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունը կցուցադրվի Առաջին ալիքի եթերում: