տուն Քաղաքական Ծամծմված կեղծ հայրենասիրության և «սև սրտի մխիթարանքի» արանքում

Ծամծմված կեղծ հայրենասիրության և «սև սրտի մխիթարանքի» արանքում

305
0

Zaruhi POSTANJYAN, ArmeniaZaruhi POSTANJYAN, Armйnie

Ստրասբուրգում Զարուհի Փոստանջյանի տված հարցից հետո ամբողջ հայրենական մամուլը լցված է տրամագծորեն հակառակ երկու կարծիքներով՝ մի մասը արմատապես խանդավառված է, մյուս մասը՝ Փոստանջյանին սեփական երկիրը «պախարակելու» համար գրեթե ազգի դավաճան է համարում: Սակայն փորձենք հարցը էմոցիոնալ դաշտից տեղափոխել առավել ռացիոնալ հարթություն:

Դավաճա՞ն է արդյոք Փոստանջյանը        

 Դեռևս վաղ սովետի ժամանակներից սեփական երկրի, ավելին՝ սեփական կոլխոզի որևէ թերության մասին բարձրաձայնելը, լավագույն դեպքում,  ենթադրում էր 10-20 տարի աքսոր, կամ էլ առանց այս ու այն կողմ ընկնելու՝ գնդակահարություն՝ պետական դավաճանության մեղադրանքով: Սա վերաբերում էր ոչ միայն ստալինյան ժամանակաշրջանին։ Հետագայում ևս,  միգուցե պատժաչափը կրճատվում էր, սակայն երևույթի բովանդակության մեջ փոփոխություն չկար: 1960-70-ականներին Խորհրդային այլախոհներ Սախարովը, Մեդվեդև եղբայրները, Սոլժենիցինը, Բուկովսկին և այլոք, ովքեր եվրոպական տարբեր կառույցների, Մարդու իրավունքների պաշտպանության Հելսինկյան կոմիտե և այլուր հաշվետվություններ էին ներկայացնում ԽՄ հասարակական-քաղաքական կյանքի  տարբեր ոլորտներում մարդու և քաղաքացու տարրական իրավունքների ոտնահարումների վերաբերյալ: Խորհրդային քարոզչությունը նշված անձանց մեղադրում էր հակասովետական գործունեության և պետական դավաճանության մեջ գրեթե նույնատիպ հիմնավորումներով, ինչպես երեկ հանրապետական ու մերձհանրապետական ամբողջ բազմությունը հարձակվեց Փոստանջյանի վրա: Ուստի արձանագրենք, որ ամպագոռգոռ և դատարկ սովետական հայրենասիրության դրսևորումները դեռևս  շատ խորը արմատներ ունեն: Առաջին հայացքից  ճշմարտանման է հնչում այս տեսակետը, որ պետք չէ սպիտակեղենը ցուցադրել այլոց, սակայն հենց այստեղ է կայանում  մեծագույն մոլորությունը՝ չխոսել սխալների բացթողումների և թերությունների մասին, ինչի արդյունքում էլ ստեղծվում է բուտաֆորային իրականություն, իսկ գոյություն ունեցող վիճակը ավելի ու ավելի է վատթարանում, քանի որ մարդն ապրում է նրանով՝ ինչը որ կա, այլ ոչ թե «Հայլուրի» լրատվությամբ:  Վերջապես, եթե Փոստանջյանը ԵԽԽՎ-ում նման հարցեր է ուղղում Սերժ Սարգսյանին, ապա արձանագրենք, որ Սերժ Սարգսյանն է վաստակել այդ հարցը, և անգամ դպրոցականներն են համոզված, որ Սերժ Սարգսյանը այցելում է կազինոներ, իսկ հասարկությանը հնարավոր չէ լռեցնել:

«Հերոսակա՞ն» է արդյոք Փոստանջյանը       

ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հարցը հասկանալի է , որ ամենևին  էլ հարց չէր, այլ զուտ հռետորական ձևակերպում: Սակայն հենց այդ հռետորական՝ Սերժ Սարգսյանի «երեսին ճշմարտությունն ասելու» ասպեկտը   աննախադեպ խանդավառություն առաջացրեց տարբեր շրջանակներում: Սա իհարկե հասկանալի ռեակցիա է, քանի որ առկա հանրային դժգոհության պայմաններում, իշխանությանն ու իշխանության ցանկացած ներկայացուցչին ուղղված ցանկացած սուր խոսքը, հայտարարությունը, հարցը կամ նույնիսկ հայհոյանքը «սիրտ հովացնելու» էֆեկտ է ունենում: Սակայն քաղաքագիտական և առավել ևս դիվանագիտական  մակարդակներում էմոցիաներով, մեղմ ասած, չեն առաջնորդվում և այդօրինակ ամբիոնները չեն օգտագործում  ամբիցիոզ  հարց-հայտարարություններ անելու համար: Մասնագիտությամբ լինելով իրավաբան, Փոստանջյանը կարող էր բազմաթիվ հարցեր ուղղել , որոնք մեղմ ասած այնքան էլ դյուրամարս չէին լինի Սերժ Սարգսյանի համար: Սակայն Փոստանջյանը հարց բարձրացնելով Սերժ Սարգսյանի «թուլությունների» մասին, չօգտվեց այդ  հնարավորությունից:  Հայաստանում կարծես թե յուրաքանչյուր ոք շատ թե քիչ, ճիշտ թե ոչ այնքան ճիշտ, տեղյակ է նախագահի թուլություններից և այս առումով Փոստանջյանը հայտնություն չարեց:  Ասել, որ ամբողջ Եվրոպան իմացավ ճշմարտությունը Սերժ Սարգսյանի մասին՝ նույնպես չարժի, քանի որ մեծ հաշվով մենք հաճախ ենք տեսնում, թե եվրոպացիներն ինչպես են ծաղրում իրենց նախագահներին,  ձվեր ու կարկանդակներ նետում նրանց վրա, ինչպիսի լուրեր են պտտվում նրանց շուրջ, սակայն միևնույն ժամանակ դիվանագիտական մակարդակներում այդ մասին չի խոսվում: Ուստի այս տեսանկյունից Փոստանջյանը գուցեև Եվրոպայի աչքում ավելի շատ վնասեց իր իսկ հեղինակությանը: Միևնույն ժամանակ, Փոստանջյանի իրավունքն էր հարց տալ Սերժ Սարգսյանին, և նա օգտվել է այդ իրավունքից։ Թե ինչ կերպ՝ դա բոլորովին այլ հարց է։ Ուստիև Փոստանջյանի հասցեին հնչող մեղադրանքներն ու արտահայտությունները շատ անգամ ավելի հեռու են կոռեկտությունից, քան Փոստանջյանի հարցն էր:

Ամփոփելով ընդամենը կարող ենք ասել, որ, մի կողմից  մենք ունենք ըստ էության անտեղի խանդավառություն, իսկ մյուս կողմից՝ երիցս անտեղի մեղադրանքներ և անպարկեշտ արտահայտություններ Զարուհի Փոստանջյանի հասցեին: Բոլոր դեպքերում տուժում է հասարակությունը:

Աղասի Մարգարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here