2020 թվականին ՀՀ կառավարությունը շարունակում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը:
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նախագծով առաջարկվում է ավանդների տրամադրման իրավունք վերապահել նաեւ 1935 եւ 1936 թվականներին ծնված անձանց:
Փոխհատուցման իրավունք ունեն նաեւ ՀՀ պաշտպանության համար մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների համար չօգտագործվող եւ հակառակորդի գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքներում 2014-ի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձինք:
Սակայն գործող կարգավորումներով պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչված անձինք բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից դուրս գալու պատճառով չեն կարողանում իրացնել իրենց այս իրավունքը, հետևաբար՝ նախագծով առաջարկվում է այդ անձանց համար սահմանել դրույթ՝ ավանդից օգտվելու համար: