ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին զարմացրել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ու ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի պահվածքն այսօր առավոտյան ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպմանը: Հիշեցնենք, ըստ Հովիկ Աբրահամյանի ընդունած որոշման, «Ժառանգությունը» այլևս ներկայացված չի լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: «Այս խորհրդակցությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ խորհրդարանում ներկայացված որոշ քաղաքական ուժեր սպասարկում են ավտորիտար ռեժիմին: Սա ուղղակի վերջին ապացույցների շարքին է դասվում: ԵԽԽՎ կազմում ընդգրկված են ութ հոգի, որոնցից պաշտոնապես միայն երեքն են իշխանության ներկայացուցիչներ, մնացածը ընդդիմությունից են»,-Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Փոստանջյանը:
Դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը պնդում է, թե ինքը գրանցվել էր հարց տալու, սակայն իր հերթը չի հասել, Փոստանջյանն արձագանքել է.«Ընդդիմադիրներից միայն ես հարց ունեի: Եվ այն հիմնավորումները, թե հերթը չի հասել և այլն, և այլն, այդպես չէ: ԵԽԽՎ-ն այն ամբիոնն է, որտեղ բազմակարծության սկզբունքը ամենահարգվածն է: Եթե հերթը իսկապես չի հասել կամ մտավախություն կա, որ հերթը կարող է չհասնել, կարող ես դիմել այն խմբակցության ղեկավարին, որին դու վեհաժողովում անդամակցում ես, և հանդես գալ խմբակցության անունից: Եթե անգամ վերջում ես հերթագրվել, կրկին կարող ես դիմել քո քաղաքական ուժին, որին այնտեղ խմբակցում ես, և քեզ կտրամադրվեն խմբակցության անունից ձայն հնչեցնելու իրավունք, հատկապես, եթե դու ընդդիմությունից ես: Բրասելը, ով Զուրաբյանի խմբի ղեկավարն է, բավական ժողովրդավար տիկին է, և եթե նա ցանկություն ունենար հարցը հնչեցնել, նրա ցանկությունը իրականություն կարող էր դառնալ»: Զարուհի Փոստանջյանը հավաստիացրել է, որ ԵԽԽՎ կազմում ընդգրկված թե ընդդիմադիրները, թե իշխանության ներկայացուցիչները մինչև Ստրասբուրգ մեկնելը նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի հարց չտան նախագահ Սերժ Սարգսյանին: «Այս պայմանավորվածության շրջանակներում էլ ես հիմա հայտնվել եմ նման իրավիճակում, որ Հովիկ Աբրահամյանը նախաձեռնում է հեռացնել «Ժառանգությանը» և ընդդիմադիր ներկայացուցիչներն էլ կողմ են լինում դրան: Շատ եմ ցավում, բայց սա իրականություն է»,- եզրափակել է պատգամավորը:
Էմմա Պալյան