ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական աստիճանակարգություն ունեցող, քրեական ենթամշակույթին հարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
ՀՀ կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց 70 կողմ, 10 դեմ եւ 9 ձեռնպահ ձայներով:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկությունից առաջ հայտարարեց, որ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ձեռնպահ։
Հիշեցնենք, որ նախագծերով քրեական պատասխանատվություն է նախատեսվում այնպիսի արարքների համար, որոնք կատարվում են այնպիսի անձանց կամ խմբերի կողմից, ում համար հանցագործություն կատարելը, այսպես ասած, «արհեստ» է եւ որոնք խմբեր են կազմավորում, խրախուսում են այլ անձանց կողմից հանցագործությունների կատարումը, դրանցում ներգրավում են տարբեր անձանց, այդ թվում՝ անչափահասների։
Նախագծով խնդիր է դրվում հասարակության համար կարեւոր այս հարցով որոշակի քրեական պատասխանատվություն նախատեսել, մասնավորապես հետեւյալ արարքների համար․
1․ Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու համար,
2․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար,
3․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար,
4․ Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար։
Միաժամանակ նախատեսված է խրախուսական նորմ այն անձանց համար, որոնք մինչեւ հանցանքն ավարտին հասցնելը, կամովին կհայտնեն եւ կնպաստեն խմբավորման գործունեության խափանմանը։ Այս անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, եթե վերջինիս գործողություններն այլ հանցակազմեր չեն նախատեսում։
Ընդ որում, նախագծում նշված է, որ արարքը, որը կատարվել է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից, անչափահասի ներգրավմամբ կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, դիտարկվելու է որպես ծանրացնող հանգամանք։ Այս պարագայում արարքը պատժվելու է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Արդարադատության նախարարը հանձնաժողովականներին ներկայացրեց, թե, ըստ նախագծի, որն է համարվում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում եւ թե որ անձն է համարվում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող։
Ըստ այդմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը՝
- գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն,
- չի համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձեւերին,
- որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը,
- որի նպատակն այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:
Իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը՝
- քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն՝ համարվում է հեղինակություն եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ,
- կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց,
- կազմակերպում կամ իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում (այդ թվում նաեւ մոլախաղերի միջոցով),
- տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը,
- կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ տարածված կարծիքը, թե որոշակի կարգավիճակի բերումով ուղղակի անձը կամ ուղղակի անձանց խումբը, որի դավանած արժեքները չեն համապատասխանում պետության կողմից ընդունված համապարտադիր վարքագծի կանոններին, համարվում է քրեական ենթամշակույթ կրող, իրականությանը չի համապատասխանում։
Նշենք, որ այս փաթեթի ստեղծման աշխատանքներում մասնակցություն են ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Նախարարի պնդմամբ՝ վերոնշյալ ձեւակերպումներին հանգել են երկարատեւ քննարկումների արդյունքում։