Ազգային ժողովն այսօր քննարկել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը: Զարուհի Փոստանջյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ թեև օրինագիծը ներկայացվել էր 2007 թ., սակայն այսօր էլ պատեհ պահն է, ու կարևոր է ճանաչել ԼՂՀ-ն: «Այս խորհրդարանի պատկերը չի հուշում, թե կարող ենք ունենալ այնպիսի պետություն, որի մասին երազել ենք: «Ժառանգությունն» այն կարծիքին է, որ օրինագիծը պետք է արժանանա հավանության բոլորի կողմից: Քննարկելով այս օրինագիծը՝ բոլոր պատգամավորները պետք է կողմ քվեարկեն»,- ասել է նա: Փոստանջյանը նշել է, որ այդպես էլ իրեն որևէ փաստարկ չի ներկայացվել, թե ինչո՞ւ Հայաստանը չպետք է ճանաչի ԼՂՀ-ն, այնինչ ՀՀ իշխանությունների կողմից ճանաչումը մյուս պետությունների համար այդ գործընթացն սկսելու ազդակ կլինի: Այն փաստարկմանը, թե ճանաչելու դեպքում կսկսվեն պատերազմական գործողություններ, Փոստանջյանը պատասխանել է, որ այսօր էլ պատերազմն առկա է, և այնպես չէ, թե խաղաղության պայմաններում ենք ապրում: Նա հայտարարել է, որ վստահ է՝ երբ Ադրբեջանը պատրաստ լինի լայնամասշտաբ ռազմական գործողությունների, դա իրականացնելու է: «Այսօր հենց այն պահն է, որ Ադրբեջանը պատրաստ չէ, և Հայաստանը պետք է այդ պահը օգտագործի»,- ասել է նա:
Էմմա Պալյան