Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկություններո՝ չի բացառվում, որ Պուտինը վայրէջք կատարի Գյումրիում: Առաջին հայացքից տարօրինակ թվացող դեպքերի նման զարգացումը կարծես թե լիովին տեղավորվում է պուտինյան սիմվոլիզմի տրամաբանության մեջ: Հիշեցնենք, որ Պուտինի այցի օր նշվող դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Ալեքսանդրապոլի Դրո-Լեգրան պայմանագիրը, որով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ամբողջ իշխանությունը հանձնում էր բոլշևիկներին: Եթե Պուտինը առաջինը այցելում է Գյումրի, ապա այլևս կարող են չկասկածել, որ այցելության օրը վերոհիշյալ իրադարձության կապակցությամբ է ընտրվել: Սակայն, բացի խորհրդանշականությունից, Պուտինի այցը Գյումրի իր մեջ պարունակում է մի շարք առարկայական ուղերձներ, որոնց կուզենայինք ուշադրութոյւն հրավիրել:
Ինչպես գիտենք, Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան տարածաշրջանում ամենախոշորն է: Վերջերս չհերքված տեղեկությունները նշում են նաև, որ ռազմաբազայի անձնակազմն ավելացվում է՝ վերջինիս վերահսկողությանն են հանձնվելու նոր տարածքներ: Այս պայմաններում այցելելով Գյումրի՝ նախ Պուտինը հերթական անգամ նվաստացնում է հայաստանյան իշխանություններին, քանի որ պետական այցն սկսում է՝ այցելելով փաստացի ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածք` ռուսական ռազմաբազա: Միևնույն ժամանակ, իր այդ քայլով Պուտինը շեշտում է մեկ կարևոր հանգամանք, այն է` տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական շահը դրված է առաջնային դիրքերում, ու այդ շահերին ստորադասվում են և հայաստանյան իշխանությունների ցանկությունները, և անգամ Հայաստանի ինքնիշխանությունը: Շեշտելով այս փաստը՝ Պուտինը հերթական անգամ ցույց կտա, որ Հայաստանն ընկալում է իբրև ֆորտ-պոստ, իսկ այդ ֆորտ-պոստի սահմանային ուղեկալը հենց 102-րդ ռազմաբազան է: Բացի այս, վերահաստատվում է Ռուսաստանի կողմից տարածաշրջանում ուժային ներկայության դոկտրինը:
Իհարկե, այս ամենը, թերևս, շատ լավ ընկալում են հայաստանյան իշխանությունները, սակայն արդեն բավական վաղուց առկա վարչակարգը ոչինչ չի կարողանում հակադրել անգամ Պուտինի քմահաճույքներին, ուստի առաջիկայում, անկախ նրանից՝ Պուտինը վայրէջք կկատարի Գյումրիում, թե Երևանում, նրան սպասվում են սրտատրոփ ծափողջույններ, հնարավոր է՝ դպրոցներից փողոց հանված ռուսական դրոշակներով աշակերտներ իշխանական քծնանքի մի ամբողջ աստղաբույլ:
Այս ամենի ֆոնին կարծես թե կազմակերպվելու են նաև հակապուտինյան ակցիաներ, որոնք, սակայն, ամենայն հավանականությամբ, հայաստանյան ոստիկանությունը կփորձի ամեն գնով չեզոքացնել: Այս առումով նշենք, որ ոչ միայն բողոքի ակցիաներ, այլև արմատական քաղաքական պայքարի հրատապություն կա` ուղղված զուտ հայաստանյան իշխանությունների դեմ, քանի որ առկա վարչակարգի ամլությունն է հիմնական պատճառը, որն ընձեռել է պուտինյան քաղաքական կուրսին քարտ բլանշի հնարավորություն: