Հայաստանյան ներքին ու արտաքին քաղաքական շրջադարձերին զուգահեռ, երկրի հասարակական-քաղաքական կյանքում կատարվում են իրադարձություններ, որոնք իրենց կարևորությամբ չեն զիջում որևէ քաղաքական գործընթացի: Խոսքը վերաբերում է Գրողների միությունում առաջացած ճգնաժամին` պայմանավորված Գրողների միության նորընտիր նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գրքի պետական մրցանակ և դրամական պարգև ստանալով: Գրողների միության մի խումբ անդամներ միությունից դուրս գալու դիմումներ են տվել` Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գաբրիելյան, Գուրգեն Խանջյան և այլոք: Այս դիմումները, սակայն, սուբյեկտիվ որոշումներ չեն` պայմանավորված կոնկրետ հարցի շուրջ անհամաձայնությամբ, այլ ստեղծագործական միությունում առաջացած ճգնաժամի արդյունք:
Գաղտնիք չէ, որ հայաստանյան ստեղծագործական բոլոր միությունները Խորհրդային Միության փլուզումից հետո այդպես էլ չկարողացան ինտեգրվել այն նոր իրականությանը, որն ստեղծվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո: Անգամ այդ միությունների կանոնադրությունները, ընդամենը որոշ տեխնիկական խմբագրումներից հետո, շարունակեցին մնալ կոմունիստական ոգով տոգորված: Սակայն անկախության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում ձևավորվեց գրողների և գրականագետների և, ընդհանրապես, ստեղծագործողների մի նոր սերունդ, որը զերծ էր մնացել կոմունիստական նոմենկլատուրային գաղափարական կաղապարներից և թվում էր, թե հենց այդ սերունդը կարող է արմատական փոփոխություններ բերել, իսկ առավել ավագ սերունդը համապատասխան գործունեության դաշտ կընձեռեր նրանց:
Սակայն, ցավոք սրտի, ստեղծագործական միությունների ղեկավարության բյուրոկրատական վերնախավը այդպես էլ չկարողացավ իր մեջ ներուժ գտնել և հրաժարվել հարցերի և հարաբերությունների կարգավորման խորհրդային սկզբունքներից: Հենց այս նոմենկլատուրային մտածելակերպն է գլխավոր պատճառը, որ պետական մրցանակը տրվում է Գրողների միության նախագահի գրքին: Այստեղ բոլորվին էլ էական չէ գրական գործի գեղարվեստական արժեքը, ելակետայինն այն է, որ գիրքը գրել է միության նախագահը, և դրանով ամեն ինչ արդեն ասված է: Մոտավորապես նույն տրամաբանությամբ արվեստի նմուշներ էին համարվում Ստալինի բանաստեղծությունները, Բրեժնևի գրքերը և այլն:
Այսինքն` ստեղծագործական միություններում մեծ հաշվով չստեղծվեց ստեղծագործական միջավայր: Բացի այս, ստեղծագործական միությունները, կամա թե ակամա, սկսեցին ներքաշվել քաղաքական իրողությունների մեջ` վերջնականապես կորցնելով իրենց վարկանիշը և վերածվելով քաղաքական իշխանության կցորդների՝ հաճախ ընտրական գործընթացների ժամանակ կատարելով քարոզչական գործառույթներ: Այս ամենը վկայում էր միայն այն մասին, որ կա՛մ ստեղծագործական միությունները վերջնականապես սպառել են իրենց և վերածվել ռուդիմենտ օրգանի, կա՛մ այդ միություններում հրամայական են արմատական և գաղափարական խմբագրումները և համապատասխանեցումը այն իրականությանը, որի մեջ ենք ներկայումս:
Այս տարի, գրեթե բոլոր ստեղծագործական միություններում ընտրվեցին կամ վերընտրվեցին նոր նախագահներ, և վերջիններիս, ինչպես միշտ, հնարավորություն ընձեռնված էր գնալ վերոնշյալ քայլին, սակայն ինչպես արդեն տեսնում ենք, նման շրջադարձը գրեթե բացառվում է: Այս պայմաններում արդեն էական չէ՝ արդյոք ստեղծագործողները կլքեն միությունները թե ոչ, քանի որ, գործնականում, այդ միությունները վերածվել են պարզապես հավաքատեղիի, ժամանցի վայրի, և չունեն դերակատարություն՝ ոչ ստեղծագործական միջավայր ապահովելու, ոչ էլ երկրի հասարակական, քաղաքական և մշակութային կյանքում եղանակ ստեղծելու տեսանկյուններից:
Աղասի Մարգարյան