Այսօր ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում իրականացված միջոցառումների և կատարված հանձնարարականների մասին։ Շարունակվում են Ստեփանավանի օդանավակայանի և ԱԻՆ միասնական տեխնիկական բազայի շինարարական աշխատանքները։
Նախարար Երիցյանը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները Գառնու դիտարանի տեխնիկական վերազինման ուղղությամբ, ինչպես նաև թարմացնել հանրապետությունում առկա պոչամբարների, սողանքային գոտիների, թունաքիմիկատների գերեզմանոցների վերաբերյալ տեղեկատվությունը։
ԼՂՀ փրկարար ծառայությունում ընթացքի մեջ են ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Անցյալ շաբաթ ԱԻՆ մասնագետներն այցելել էին Արցախի փրկարար ծառայություն` ցուցաբերելով անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն։
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների վերաբերյալ։
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ փրկարար ծառայությունում երկարամյա անբասիր ծառայության համար «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով պարգևատրեց պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետ Արայիկ Գասպարյանին և Հայկ Ավետիսյանին։