Այս գիշեր Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել հեռուստաուղերձով, որում ասել է, որ դեռ հնարավորություն կա հանդարտեցնելու իրավիճակը և սկսել բանակցությունները։
«Այո, մենք այլևս ետ չենք բերի զոհերին։ Այո, մենք արդեն շատ թանկ ենք վճարել իշխանության ձգտող մարդկանց հավակնությունների համար։ Սակայն որպեսզի գինը ավելի մեծ չլինի, կոչ եմ անում՝ ուշքի գալ։ Պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և փրկել Ուկրաինան։ Որովհետև եկող սերունդները չեն ների մեզ, եթե մենք կործանենք երկիրը, որը պետք է պատկանի նրանց՝ մեր սերունդներին», — ասել է Յանուկովիչը։
Ելույթում նա նշել է, որ իր խորհրդականները հորդորում են ուժ կիրառել մայդանը հանդարտեցնելու համար։ «Սակայն ես միշտ կարծել եմ՝ ուժի կիրառումը սխալ մոտեցում է։ Ավելի արդյունավետ մեթոդ կա՝ գտնել ընդհանուր լեզու։ Գնալ փոխզիջման։ Պայմանավորվել։ Ես մեկ անգամ չէ, որ ասել եմ, նման դեպքում իշխանությունը ինչ-որ բան կկորցի, կկորցնի նաև՝ ընդդիմությունը։ Սակայն կհաղթի Ուկրաինան», — ասել է Յանուկովիչը։
«Կրկնում եմ և նորից դիմում՝ դեռ ուշ չէ լսել հորդորը, դեռ ուշ չէ դադարեցնել հակամարտությունը»,- եզրափակել է նա։
Հիշեցնենք, որ երեկ վերսկսված բախումների հետևանքով Կիևում զոհերի թիվը հասել է 21-ի, վիրավորների թիվը հասնում է 500-ի։