տուն Հասարակություն Առողջապահություն Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 2 զոհ. (լուսանկար)

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. կա 2 զոհ. (լուսանկար)

376
0

Երեկ՝ հունիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի Վաղարշապատի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել են: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ն դասակի ծառայողները՝ վաշտի համանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Բախման հետևանքով Mercedes-ը մասամբ փակել է ճանապարհը, իսկ Opel-ն էլ բախվել է ծառին:

Վաղարշապատի հրշեջ-փրկարարները ծառից որոշ հատված էլեկտրական սղոցով մասնատել են, որպեսզի կարողանան հոսանքազրկել ավտոմեքենան: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վլադ Բազունցի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Մհերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածների ինքնությունը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արամ Հովհաննիսյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մեծ թվով քաղաքացիներ էին գտնվում, ովքեր չէին կրում պաշտպանիչ դիմակ և ճանապարհային ոստիկանները նրանց զգուշացնում էին, որ պահպանեն սոցիալական հեռավորությունը և նրանց էին տալիս պաշտպանիչ դիմակներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի