Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, իրենք կարողանում են համավարակը հսկողության տակ պահել:
«Հիմա մենք ամսի 20-ից ուզում ենք հնարավորություն տալ տեքստիլ գործարաններին աշխատելու, բայց եթե աշխատողները պատասխանատու մոտեցում չցուցաբերեն, այս որոշումները բերելու են աղետալի հետևանքների: Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվության մեր մասը կրել և հիմա՝ այսօր քննարկում էինք, որ այդ ձեռնարկությունները կլինեն հատուկ վերահսկողության տակ, և պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե ինչքանով են պահպանվել այդ կանոնները, որոնք ոչ միայն հրապարակված են առողջապահության նախարարության և պարետատան կողմից, այլև բարեբախտաբար մենք ունենք շատ հաջողված դեպքեր, թե ինչպես են գործատուները ճշգրիտ պահպանում այդ կանոնները, և ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատողներն իմանալով, որ, ջերմություն ունենալով, իրենց ներս չեն թողնելու, ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը, բայց մենք այսօր համաճարակային պրոբլեմ չունենք, որովհետև մարդիկ գործնականում չեն շփվել: Նաև իրենց գործատուների խիստ պահանջներն են ստիպել, որ նրանք մեկուսանան»,- ընդգծեց վարչապետը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին հավելեց, որ հենց նույն գործատուի շահերից է բխում հասարակության մեջ խիստ կանոնների պահպանումը.
«Երեկ, էլի մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք դեպքի հաստատում, որի հետազոտությունը ցույց է տվել, որ էլի հայտնաբերվել է գործատուի կողմից մուտքի մոտ ջերմաչափման ժամանակ և ուղարկվել է տուն: Գործատուն, փաստորեն, զերծ է մնացել այդ մեծ վտանգից, որ հնարավոր է՝ հարյուրավոր իր այլ աշխատակիցներ վարակվեին: Այդ պատասխանատվությունն ավելի շատ պետք է տնտեսվարող սուբյեկտներին, քան թե մեզ բոլորիս»,- նշեց նախարարը:
Օլյա Շահինյան