Մայիսի1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 28-ամյա Արամ Բաղդասարյանի վարած Jaguar մակնիշի 15 TT 115 համարանիշի և Մասիս քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Գևորգ Մարգարյանի վարած, սակայն կայանված վիճակում գտնվող ՎԱԶ 2109 մակնիշի 35 VZ 233 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Վաղարշապատի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդներին, սակայն վերջիններս հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց՝ հայտնելով, որ իրենց լավ են զգում, վնասվածքներ չեն ստացել։
Աղբյուրը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Jaguar-ի վարորդը, ով բախվել է կայանված վիճակում գտնվող ՎԱԶ 2109-ին, այնուհետ առաջ ընթանալով՝ կոտրել ծառերն ու հսկայական երկաթե էլեկտրասյունը, ինչի հետևանքով ծառերն ու էլեկտրասյունը տապալվել են։