Դետեմբերի 17-ինˋ ժամը 12:30-ին «Ընդդեմ կուտակային կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են Ազատության հրապարակից շարժվել Սահմանադրական դատարանˋ պահանջելով դատարանից կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասացին «Ընդդեմ կուտակային կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ազգային Ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները դիմելու են Սահմանդրական դատարանˋ բողոքարկելու օրենքի հակասահմանադրական կետերը: Նրանք ներկայացնելու են նաեւ միջնորդություն, որպեսզի մինչ դատարանի որոշում կայացնելը, օրենքի կիրառումը կասեցվի:
Պատասխանելով լրագրողների հարցերինˋ թե ինչ ակնկալիք ունեն Սահմանադրական Դատարանի որոշումից, եթե թե´ օրնենսդիր մարմինը, թե´ գործադիրը, եւ թե ՀՀ նախագահը հստակ իրենց դիրքորոշումը հայտնել եւ ընդունել են, որ օրենքը հունվարի 1-ից պետք է կիրառվի, նշեցին.
«Նախագահի, խորհրդարանի կամ կառավարության մասին խոսելիս խոսքը նույն ուժի մասին է, քանի որ, քաղաքական մեծամասնությունը հանրապետական կուսակցություն է: Այնպես չէ, որ սա անակնկալ էր մեզ համար, եթե մեծամասնությունը հավանության է արժանացրել: Սահմանադրական դատարանը չի կարող լինել կուսակցական, եւ սահմանադրական դատարանը վերջնակետ չէ: Բացի դատական կարգով հարցը լուծելուց, օրենքը մեզ թույլ է տալիս քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով, ակցիաների միջոցով մեր ձայնը բարձրացնել, քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել եւ պահանջ դնել, որ պետք է պահանջ դնել՝ կասեցնելու օրենքի կրառումը»,- ասաց քաղաքագետ Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամները կարծում են, որ Հայաստանում ցանկացած խնդիր կարող է լուծվել միայն քաղաքացիների պայքարի միջոցով: Հաշվապահ Մանե Թանդիլյանը նշում է, որ իրենք ներպետական բոլոր միջոցներով պայքարել են եւ Սահմանադրական դատարանը վերջին կառույցը չէ, որին դմելով կարող են պայքարել օրենքի կիրառման դեմ:
«Դա չի նշանակում, որ սա վերջինն է: Մենք գիտենք պայքարի շատ ու շատ այլ ձեւեր, ճնշումը կուժեղանա եւ դա արդարացի ճնշում է: Մենք պահանջում ենք, որ պարզապես մեր իրավունքները չխաթարվեն: Մենք ընտրություն կատարելու իրավունք ունենք: Քաղաքացին կարող է իր սեփականությունը տրամադրել, բայց ոչ պարտադրանքով»,-ասաց Մանե Թանդիլյանը:
Նախաձեռնության անդամ, ինժեներ Հայկ Ավետիսյանը կարծում է, որ այս ընթացքում խորհրդարանն ու նախագահը ցույց տվեցին, որ ժողովրդի հետ երկխոսության չեն գնում:
Նախաձեռնության անդամները նշում են, որ հունվարի մեկից իրենց աշխատավարձերից 5-10 տոկոսի չափով պարտադիր կուտակումը ապօրինի բռնագանձում է լինելու:
«Դա իմ սեփականությունը ապօրինի բռնագանձել եւ գրպանել է կոչվում, եւ եթե հասնի դրան, ես ինքս էլ կկարողնամ դատական մարմիններին դիմել՝ եւ ոչ միայն Հայաստանի, անգամ Մարդու իրավուքնների եվրադատարան»,-ասաց Դավիթ Մանուկյանը:
Լիլիթ Առաքելյան