տուն Քաղաքական Վերլուծական Խնդիրների տեսակներ կան, որոնց լուծումը մի երկրի կարողություններից դուրս է. քաղաքագետ

Խնդիրների տեսակներ կան, որոնց լուծումը մի երկրի կարողություններից դուրս է. քաղաքագետ

783
0
Քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

Այսօր երկրագնդի վրա դժվար թե գտնվի մեկը, ում չհետաքրքրի, թե երբ է ավարտվելու COVID-19-ի համավարակը: Արդյոք համավարակից հետո կփոխվի՞ աշխարհակարգը: Այս հարցերի շուրջ AraratNews.am-ը զրուցել է քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի հետ:

AraratNews.am-ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետ Արման Գրիգորյանը նշեց, որ թեև ինքը նման կանխատեսումներ անել չի սիրում, որովհետև չափազանց շատ են այն գործոնները, որոնք կարող են իրադարձությունների հետագա ընթացքը պայմանավորել, բայց որոշ պայմանական ենթադրություններ, այնուամենայնիվ, կարելի է անել:

«Նախ, շատ բան կախված է նրանից, թե որքան կտևի այս ճգնաժամը և ինչ մասշտաբներ կընդունի այն: Եթե սա տևի, ասենք, մի չորս-հինգ ամիս կամ ավելի երկար, տնտեսական հետևանքները կարող են իսկապես աղետալի լինել, և որոշ երկրներում դրա հետևանքով կարող է նույնիսկ վտանգվել քաղաքական կայունությունը: Եթե վիրուսը նահանջի մեկ-երկու ամսվա ընթացքում, և վերադառնանք նորմալ տնտեսական գործունեության, հետևանքներն այդքան սարսափելի չեն լինի, չնայած, բոլոր դեպքերում, որոշակի անկում և կարճաժամկետ տնտեսական դժվարություններ սպասվում են։ Ինչ վերաբերում է աշխարհակարգի կամ պարզապես միջազգային հարաբերությունների վրա ազդեցությանը, ապա ծանր ու տևական տնտեսական ճգնաժամերը սովորաբար հանգեցնում են ավելի մրցակցային ու կոնֆլիկտային իրավիճակների։ Երբեմն սեփական երկրում որոշակի տնտեսական ու սոցիալական հարցերի լուծումն անհրաժեշտ է դարձնում այնպիսի քայլեր, որոնք կարող են տնտեսապես հարվածել ուրիշ երկրների։ Պետությունները սկսում են իրար տեսնել որպես տնտեսական հակառակորդների, ոչ թե պարտնյորների՝ ինչպես դա եղավ 30-ական թվականներին։ Այնպես որ, խոր և երկարատև ճգնաժամը կարող է լուրջորեն խաթարել միջազգային տնտեսական հարաբերությունների ներկա համակարգը, իսկ դա իր հերթին կարող է սրել որոշ երկրների միջև գոյություն ունեցող քաղաքական տարաձայնությունները»,- ասաց քաղաքագետը:

Արման Գրիգորյանը տեսակետ հայտնեց նաև, որ միջազգային հարաբերություններից ավելի շատ համավարակը կարող է ազդել Արևմտյան երկրների՝ հատկապես Միացյալ Նահանգների սոցիալական մոդելի վրա.

«Այս համաճարակը ցույց է տալիս, որ ժամանակակից հասարակություներն, իրականում, ավելի խոցելի ու փխրուն են ինչ-որ առումով, չնայած նրանք նաև ավելի մեծ ռեսուրսներ ու տեխնիկակակն կարողություններ ունեն տարատեսակ արհավիրքների դիմակայելու: Ապրիլի 9-ի դրությամբ, երեք շաբաթվա ընթացքում մոտավորապես 16 մլն 780 հազար մարդ գործազրկության նպաստի դիմում է ներկայացրել: Այդ դիմումներն իհարկե կբավարարվեն, բայց հատկացվելիք գումարներն ադեկվատ չեն լինելու շատ մարդկանց նույնիսկ մինիմալ կարիքները հոգալու համար։ Հիմա նաև առողջապահական համակարգից օգտվելու որոշակի ժամանակավոր հնարավորություններ են ստեղծել այն մարդկանց համար, որոնք ապահովագրություն չունեն, բայց ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների առողջապահական համակարգը լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Մասնավորապես`ավելի հրատապ է դառնալու համընդհանուր պետական ապահովագրական համակարգի անցնելու պահանջը։ Այս ամենը նաև տեղի է ունենում գլխապտույտ արագությամբ կատարվող տեխնոլոգիական հեղափոխության մի ժամանակաշրջանում, երբ նույնիսկ անկախ այս համաճարակի ստեղծած ճգնաժամից, մարդկանց ահռելի զանգվածներ հատկապես Հյուսիսային Ամերիկայում ու Եվրոպայում կանգնած են որպես աշխատուժ անպետք դառնալու հեռանկարի առաջ։ Համաճարակը պարզապես կարող է ավելի ահագնացնել նշածս երկրների սոցիալական ապահովության համակարգերն այդ մարտահրավերին հարմարեցնելու ճնշումը»:

Պրոֆեսոր Գրիգորյանին խնդրեցինք անդրադառնալ համացանցը ողողած այն պնդումերին, թե սա ոչ թե բնական համաճարակ է, այլ Չինաստանի կողմից կիրառված կենսաբանական զենք։ Նա ասաց, որ նման պնդումներին դժվար է լուրջ վերաբերվել, քանի որ սա հազվագյուտ երևույթ չէ.

«Համաճարակները մարդկության պատմության անբաժան ուղեկիցներն են։ Համաճարակի վտանգ միշտ գոյություն ունի: Որոշակի պարբերականությամբ ինչ-որ վիրուսներ թռիչք են կատարում այս կամ այն կենդանուց դեպի մարդկանց ու սկսում են տարածվել, կամ որոշ՝ արդեն մարկանց շրջանում գոյություն ունեցող վիրուսներ մուտացիայի են ենթարկվում, որոնց դեմ մարդիկ իմունիտետ չունեն, ասենք՝ ինչպես իսպանական գրիպի համաճարակի դեպքում 1919-ին։ Երբեմն հաջողվում է պոտենցիալ համաճարակները արագ տեղայնացնել ու վերացնել, ինչպես թռչնի գրիպն էր, խոզի գրիպը և էբոլան՝ սրանից մի քանի տարի առաջ: Երբեմն, ցավոք, հնարավոր չի լինում դրանք արագ լոկալիզացնել՝ կախված կամ վիրուսի տեսակից, կամ սկզբնական շրջանում վտանգի թերագնահատումից, կամ ինչ-ինչ այլ գործոններից»:

Քաղաքագետը նկատեց նաև, որ կենսաբանական զենքը ոչ պրակտիկ զենք է, որովհետև կիրառողը դրա հետևանքները չի կարող վերահսկել ու վստահ լինել, որ իր իսկ քաղաքացիներն այդ զենքի զոհը չեն դառնա.

«Բացի այդ, նման պնդումներին արժանահավատություն հաղորդող որևէ լուրջ փաստ գոյություն չունի: Իսկ առանց փաստերի նման պնդումներ չի կարելի անել։ Շատերը պնդումներ անում են հիմնվելով ինչ-որ ենթադրյալ մոտիվի վրա, բայց նախ ինձ համար հստակ չէ, թե Չինաստանն ինչ մոտիվ պետք է ունենար նման բան անելու համար, երկրորդ` մոտիվը՝ փաստ, առավել ևս ապացույց չէ»:

Այն հարցին, թե ինչու որոշ երկրներում համաճարակը շատ ավելի ավերիչ հետևանքեր է ունենում, քան այլ երկրներում, և արդյոք դա նույնպես չի խոսում այն մասին, որ որոշ երկրներ գուցե թիրախավորված են եղել, քաղաքագետը պատասխանեց.

«Նախ եթե նորից Չինաստանի մասին ենք խոսում, ես չեմ հասկանում, թե ինչու նրանք պետք է թիրախավորեին Իտալիան, Իրանը կամ Իսպանիան։ Միացյալ Նահանգներին թիրախավորելու մոտիվն էլ այնքան պարզ չի ինձ համար, բայց մի պահ ենթադրենք, որ այդտեղ հնարավոր է նման մոտիվ գտնել։ Մյուսների դեպքում բոլորովին պարզ չի։ Բացի այդ, բազմաթիվ հիպոթեզներ կան, որոնք կարող են բացատրել թե վարակի տարածման տարբեր տեմպերը, թե մահացության տարբեր տոկոսները։ Օրինակ` հիմա ակտիվորեն քննարկվում է այն հիպոթեզը, որ նախկին սոցիալիստական ճամբարի երկրներում վարակն ավելի դանդաղ է տարածվում ու սուր դեպքերը հարաբերականորեն ավելի քիչ են, որովհետև այդ երկրներում մարդիկ պատվաստված են թոքախտի դեմ։ Տեսակետ կա, որ այդ պատվաստումն ունեցող մարդիկ նվազ խոցելի են կորոնավիրուսից։ Որոշ երկրներ (Հարավային Կորեա, Սինգապուր) շատ արագ արձագանքեցին կորոնավիրուսի բռնկմանն ու կարողացան իրավիճակը հարաբերականորեն ավելի լավ վերահսկել։ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կառավարություններն, ի տարբերություն այդ երկրների կառավարությունների, սկզբնական շրջանում լուրջ չընդունեցին վտանգը և հապաղեցին իրենց գործողություններում։ Ըստ մեկ այլ հիպոթեզի՝ ուրբանիզացված հասարակություններն ավելի խոցելի են այս վիրուսից։ Մի խոսքով, տասնյակ նման խելքին մոտ հիպոթեզներ կարելի է առաջ քաշել այդ տարբերությունը բացատրելու համար։ Տարբերության փաստն ինքնին որևէ մեկ հիպոթեզի ապացույց չի կարող լինել»: