ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանին տված գնահատականի բովանդակության հետ քչերն են, որ չեն համաձայնի, քչերի մեջ են մտնում մեծամասնություն հանդիսացող, բայց իրականում փոքրամասնություն կազմող իշխանությունները:
ՀՀ քաղաքացիները քաջատեղյակ են, որ Սերժ Սարգսյանը զավթել է նախագահի աթոռը, որ խաղատների մեծ սիրահար է և այլն… Այս հարցերում գոնե տարաձայնություն չկա հասարակության մեջ: Փոստանջյանին քննադատողների մի մասը պարզապես անհանգստանում են, որ հարմար տեղ չէր ընտրված այդ ճշմարտությունն արտահայտելու համար: Մի մասն էլ արդարացիորեն շեշտում են, որ Հայաստանում ուղիղ հարց տալու հնարավորությունից զրկված են ՀՀ քաղաքական գործիչները: Զարուհու խոսքը կամ իրեն պատիվ է բերել, կամ հակառակը՝ ամեն մարդ թող մնա իր կարծիքին։ Թերևս, բոլորը կենտրոնացել են այն բանի վրա, թե ինչ ասաց Փոստանջյանը:
Բայց այստեղ կա մի կարևոր ԲԱՅՑ. Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ բարձր ամբիոնից հայտարարեց, որ եթե այդքան գումար ունենար, մի մասը կտա Զարուհուն, որ կյանքից գոհ լինի…
ՀՀ փաստացի նախագահը, փաստորեն, եվրոպացիների աչքի առաջ մեկ անգամ ևս հաստատեց, որ ինքը փողով է մարդկանց բերանը փակում (քաղաքական ընդդիմախոսին փող նվիրելու խոստումը ինքնին կոռուպցիոն դրևորում է), և դա արտասանեց ենթագիտակցորեն: Սա նույնպես մարդկային է. երբ մարդու գիտակցությունը կրիտիկական պահերին զիջում է, միանգամից միանում է ենթագիտակցական SOS-ը` փրկության ազդանշանը, նա կորցնում է ինքնակառավարումը. իրավիճակային պահերից ելնելով՝ դիմում է ուժի կիրառման, հայհոյելու փայլուն կարողությանը, անկանոն շարժումներ ու միմիկաներ ցուցադրում, ամոթի զգացումն է կորցնում և այլն:
Այս պարագայում Սերժ Սարգսյանը, կարելի է ասել, կորցրել էր ինքնակառավարումը, ինչի հետևանքով ժպիտով արտահայտեց փողով հարց լուծելու իր սովորությունը: Մեծամասնությունն անգամ չարձագանքեց այս վրիպմանը, փոխարենը շռնդալից կերպով Զարուհու հասցեին հնչեցրին վիրավորանքներ, սեռական բնույթի հայհոյանքներ, տեղավորեցին թուրք-թշնամի եզրույթի մեջ և այլն…
Հուսանք, որ օտարների համար այս ամոթանքը կընկալվի որպես հումոր…