Անկախ փորձագետ, քիմիկոս Սեյրան Մինասյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասում է, որ կտրուկ դեմ է Սեւանից ջրառի ավելացման որոշմանը, ըստ որի 170 մլն խմ-ից պետք է դառնա 240 մլն խմ:
«Լիճը ընդհանուր էկոհամակարգ է, կենդանի օրգանիզմ է: Սեւանա լճի բնականոն կյանքի ընթացքին մարդը միջամտել է՝ արագացելով լճի ծերացումը: Այն, ինչ որ տեղի է ունենում Սեւանում, պետք է տեղի ունենար հազարավոր, միգուցե տասնյակ հազարավոր տարիների ընթացքում: Քանի որ նախկինում 20 մետր բաց էին թողել, արեւի ճառագայթներն արդեն հասնում էին հատակին, Սեւանի հատակի ջերմաստիճանը բարձրացել էր, խթանվել է ֆոտոսինթեզը, կենսաբանական օրգանիզմների առաջնային առաջացումը: Իսկ ձուկն էլ հիմա, որ չկա լճում, խթանվում է լճի ճահճացումը»,-ասում է Մինասյանը:
Նա նշում է, որ դեմ է ոչ միայն 240 մլն խմ ջրառին Սեւանից, այլեւ նախկինում թույլատրելի 170 մլն խմ-ի բացթողմանը:
«Ես ընդհանրապես կփակեի Սեւանի ջրի բացթողումը: Պետք է լճի մակարդակը շատ արագ բարձրացնել, որովհետեւ 2011-ին լիճը սահմանային իրավիճակում էր գտնվում, երբ 3 մետր բարձրացրեցին: Հիմա պետք է ինտենսիվ մյուս 3 մետրն էլ բարձրացվեր, նոր հետո ինչ ուզում էին անեին»,- ասում է Մինասյանը: