տուն Հասարակություն Կրթություն Խելացի նախագծեր՝ բիզնես-դպրոց համագործակցության արդյունքում. Armenia Today

Խելացի նախագծեր՝ բիզնես-դպրոց համագործակցության արդյունքում. Armenia Today

392
0

Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար օրեցօր նոր հնարավորություններ ու պարարտ հող է ստեղծվում։ Չարենցավանի «Արմաթ» լաբորատորիայի և Sadoyan technologies ընկերության համագործակցության արդյունքում ստեղծվել է «Չարենց» խելացի ոռոգման համակարգը։ Թեմայի շուրջ Armenia Today-ը զրուցել է Sadoyan technologies ընկերության տնօրեն Արտեմ Սադոյանի հետ։

1) Ինչպե՞ս ստացվեց Sadoyan technologies ընկերության և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համագործակցությունն ավտոմատ ոռոգման համակարգ ստեղծելու գործում. սա առաջի՞ն փորձն է «Արմաթի» հետ համագործակցելու։

Պատմությունը սկսվեց, երբ ես, նստած նորակառույց մի հյուրանոցի կտուրի Rooftop սրճարանում, նայում էի քաղաքին։ Նկատեցի, որ մեր շենքերի կտուրները շատ անշուք են։
Քանի որ մինչ այդ ծանոթացել էի Չարենցավանի «Արմաթ» լաբորատորիայի սաների հետ և պայմանավորվել, որ միասին հետաքրքիր նախագծեր պետք է անենք, որոշեցի որ հենց առաջին նախագիծը կլինի խելացի ոռոգման համակարգի ստեղծումը։ Կապ հաստատեցի «Արմաթից» Սարգիսի և Գոռի հետ և բացատրեցի խնդիրը։
Անցավ երեք օր. տղերքը զանգահարեցին ու ասացին, որ ամեն ինչ պատրաստ է։
Անչափ ոգևորված գնացինք Չարենցավան՝ մեզ հետ տանելով բոլոր անհրաժեշտ սարքերը։
Մոտ 10 օրում ստեղծեցինք «Չարենց»-ի առաջին մոդելը։

Ի դեպ, քանի որ Sadoyan technologies ընկերությունը ստեղծվել է Երևանի Չարենց փողոցում, իսկ «Արմաթի» խմբակը՝ Չարենցավանում, սարքն անվանեցինք «Չարենց»։

2) Մի փոքր նոր սարքի մասին. ինչպե՞ս է այն աշխատում, ինչո՞վ են շահելու գյուղատնտեսները՝ ոռոգման այս համակարգն օգտագործելով։

Այն խելացի ոռոգման համակարգ է, որը սենսորների միջոցով չափում է հողի խոնավությունն ու ջեմաստիճանը և տրված պարամետրերի դեպքում միացնում է կաթիլային ոռոգման պոմպը։
Մեր ընկերությունը, համակարգը կիրառելով, կանաչապատման կազմակերպությունների և համայնքապետարանների հետ համատեղ կազմակերպելու է այս համակարգի տեղադրումը շենքերի կտուրներին և այլ դժվար հասանելի վայրերում արդյունավետ, էներգախնայող, ջրախնայող կանաչապատման համար։
Նշեմ, որ համակարգը հնարավորություն է ընձեռում հավաքել անձրևաջրերը, և ոռոգումն իրականացնել անձրևաջրերը ֆիլտրելու միջոցով։
Նաև համակարգը կարող է աշխատել արևային հոսանքի և մարտկոցների միջոցով՝ որպես 100% ինքնաբավ/ավտոնոմ համակարգ։

3) Ի՞նչ նոր հնարավորություններ են ստեղծվելու այսպիսով բիզնես-դպրոց համագործակցության տեսանկյունից։

Բիզնեսը ստանում է հնարավորություն «Արմաթ» լաբորատորիաների հետ ստեղծել սեփական զարգացման ծրագրեր և ինժեներական լուծումներ ունեցող խմբեր։ Եթե նոր սկսվող ստարտափ է կամ թեկուզ ոլորտում փորձ ունեցող կազմակերպություն, սա լավ հնարավորություն է սեփական արտադրանքը վաճառելու։

4) Ստացվում է՝ «Արմաթ» լաբորատորիայի սաները կարող են նաև վաճառել իրենց ապրանքը և բիզնե՞ս ստեղծել։

Իհարկե «Արմաթի» երեխաները կարող են առանձին իրենց արտադրանքը վաճառել, բայց ավելի կարևոր է, որ իրենց գիտահետազոտական աշխատանքի արդյունքում ստեղծվեն նոր ձեռնարկություններ։ Հիմա ուզում ենք նաև մեր նոր ծրագրի համար Չարենցավանում տարածք վարձակալել՝ հետագա աշխատանքներն անելու համար։

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here