Շաբաթ օրը «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի տարածքում տեղի ունեցավ «ՀուԶԱՆՔ ՈՒզանգ» ներկայացումը, որը մեծ աղմուկ բարձրացրեց մեր հանրության շրջանում։ Ներկայացումը ստացավ տարբեր որակումներ, թե ԼԳԲՏ և սատանիստական քարոզ է իր մեջ պարունակում է, ոտնահարում է մեր ազգային արժեքները և այլն։ Սակայն ամենաքննարկվողն այն էր, որ ներկայացումն իրականցվել էր ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհի շրջանակում, և մասնակիցներից մեկն էլ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցն էր։
Այսօր տեղեկատվական ՊՈԱԿ-ը հայտարարություն տարածեց, որ նախարարությունը դրամաշնորհը տրամադրել է մի ներկայացման համար, որն իրենից պետք է ներկայացներ 1920-ականների պոեզիայի ընթերցում (Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի, Գևորգ Աբով և այլն)։ Այս հեղինակների բանաստեղծությունները պետք է հնչեին ժամանակակից ոճով և պարի ուղեկցությամբ և ամենևին ոչ ԼԳԲՏ կամ սատանիստական քարոզի համար։
Քանի որ ամենից շատ շահարկվեց Խաչունցի անունը, Araratnews.am-ը կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու, թե ինչպես է որոշել մասնակցել այդ պերֆորմանսին և արդյոք սպասում էր նման արձագանքի։
«Աղմուկը բացարձակ անտեղի էր։ Ֆինանսավորումը տրամադրված է եղել ԿԳՄՍ նախարարության կողմից։ Եղել է հետազոտական աշխատանք, որը ես չեմ արել՝ ի դեպ, ուղղակի խմբի մաս եմ, ուղղակի գլխավոր դերակատար չեմ։ Ընդամենը էն կասեմ, որ էդ հետազոտությունը շատ կարևոր էր»,- արձագանքեց Խաչունցը։
Հարցին՝ ինչ հետազոտության մասին է խոսքը և որքան ժամանակ է այն տևել՝ հաշվի առնելով, որ դրա վրա ծախսվել է 2,7 մլն դրամ, Խաչունցն արձագանքեց․ «Իմ իմանալով՝ դա եղել է այդ խմբի (որում ես պարում եմ) խորեոգրաֆի մագիստրոսական թեզի թեման, որն ինքը հետո վերածել է նախագծի։ Հետազոտությունը, որպես այդպիսին, 20-ականների ֆուտուրիզմի մասին է եղել, և ինքը հետո, համագործակցությամբ ժամանակակից պոետի հետ, որոշել է այն ներկայացման վերածել»։
Իմքայլական ավագանին ասաց, որ ներկայացման մասին 2 շաբաթ առաջ է իմացել․ «Մենք սկսել ենք այդ ժամանակվանից պատրաստվել։ Դս գիտեի, թե 2 հոգով են լինելու ներկայացման ընթացքում։ Նույնիսկ չեմ էլ իմացել, որ նախագիծը լինելու է»։
Բայց ներկայացման ժամանակ հնչած խոսքերն անգամ չէին հասկացվում, դա՞ էլ էր մտնում ներկայացման գաղափարի մեջ, ինչպես, օրինակ, տարօրինակ ձայները, Խաչունցը պատասխանեց, որ խոսքերը չհասկացվելու պատճառը բարձրախոսի լարերը կտրելու հետևանքն է եղել․ «Փաստացի ռուպռի տարբերակը պլան «բ» է եղել, պետք է միկրոֆոնով ասվեր, և ավելի լսելի ու հասկանալի կլիներ։ Բայց հակառակորդ կողմը մեր տեխնիկան փչացրել ա։ Մի քանի անգամ երաժշտությունն անջատվեց»։
Իսկ քաղաքական գործիչն իր մասնակցությամբ այդ միջոցառումը ներկայացում համարո՞ւմ է․ «Այո, դա ժամանակակից արվեստի ներկայացում էր»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է դրամաշնորհին, Խաչունցը մասնակցե՞լ է նախարարությանը դիմելու գործընթացին․ «Ես տեղեկացված չեմ եղել, երկու շաբաթ առաջ եմ իմացել, այն ժամանակ, երբ խորեոգրաֆ Հասմիկ Թանկյանը որոշել է, որ ևս 10 հոգի պետք է մասնակցեն բացի հիմնական երկուսից։ 2,7 մլն էլ որ ասացիք, նոր եմ լսում այդ մասին»։
Իսկ այդքան գումարն ինչի՞ վրա է ծախսվել՝ հագուստների, պատրաստության, հետազոտության․ «Իմացել եմ միայն, որ դրամաշնորհ է եղել, բայց չեմ էլ իմացել՝ ինչքան։ Հարկ էլ չեմ համարել հարցնել ինչի վրա է ծախսվել, որովհետև մասնակից եմ, և ֆինանսական հարցերով կազմակերպիչներն են զբաղվել»։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև, ըստ Խաչունցի, դրամաշնորհը ստացած, հետազոտություն իրականացրած և ներկայացումը բեմադրած Հասմիկ Թանկյանի հետ։ Պարզվեց՝ նա երեկ Հայաստանից մեկնել է, վերադառնալուն պես ասուլիս կկազմակերպվի։