տուն Հասարակություն Իրավական Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց

Խաչատուրովի նկատմամբ սահմանահատման արգելքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացվեց

263
0

Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ դեկտեմբերի 3-ին ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատականը նիստը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ սահմանահատումների արգելքը վերացնելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ Յուրի Խաչատուրովը բազմիցս անգամ անարգել հատել է Հայաստանի Հանրապետության սահմանը, այնուհետև վերադարձել առանց որևէ խոչընդոտի:

Խաչատուրովի սահմանահատումների վերաբերյալ որևէ սահմանափակում կիրառված չէ:

Պողոսյանի խոսքով` հունիսի 8-ին Խաչատուրովը, անձնական հանգամանքներից ելնելով, ունենալով դատարանի թույլտվությունը, փորձել է հատել հայ-վրացական սահմանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահնների կողմից սահմանահատումն արգելվել է։ Սակայն սահմանը հատելու արգելքը կիրառվում է միայն ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցի դեպքում:

«Ակնհայտ է, որ սույն դեպքում որոշ պաշտոնատար անձանց կողմից Յուրի Խաչատուրովի սահմանահատումների նկատմամբ անօրինական կարգով կիրառված է եղել արգելք, վերահսկողություն՝ չունենալով այդպիսի լիազորություն»,-ասաց Պողոսյանը:

Պաշտպանը միջնորդություն ներկայացրեց վերացնել Յուրի Խաչատուրովի ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը և վերացնել նրա նկատմամբ կիրառված սահմանահատումների արգելքը:

Մյուս պաշտպանները ևս միացան միջնորդությունը:

Նոյեմբերի 26-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանի նկատմամբ: Դատարանը մերժել էր պաշտպանի միջնորդությունը:

Ավելի վաղ Երևանի առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը նոյեմբերի 19-ին որոշում էր կայացրել մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանի ու Կարեն Մեժլումյանի միջնորդությունները` մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Նոյեմբերի 12-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Դատավոր Աննա Դանիբեկյանը նաև մերժել էր ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը: