Խաղատների գործունեությունը կարգավորող նոր օրենքը ուժի մեջ մտցնելու ժամկետը այլևս չի հետաձգվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, օրենքը 3-4 տարի առաջ ընդունվել էր, պետք է ուժի մեջ մտներ այս տարվա հունվարի 1-ից, սակայն հետաձգվել էր մեկ տարով: Այս տարի այլևս հետաձգում չի լինի:
Ըստ Այվազյանի, փոփոխությունների համաձայն, խաղատներ կարող են լինել միայն Ջերմուկ, Ծաղկաձոր, Սևան և Մեղրի քաղաքներում, ինչպես նաև Զվարթնոց օդանավակայանին հարակից ազատ տնտեսական գոտում: Նոր օրենքի համաձայն՝ խաղատներ կարող են բացել միայն 40 մլրդ դրամ ներդրումներ անողները: Խոսքը, ըստ Այվազյանի, 100 մլն դոլարի մասին է, ինչը չափազանց մեծ գումար է: Երևանին հարակից տարածքների խաղատները, ըստ էության վերացվելու են: