Լեւոն Տեր-Պետրոսյանի երեկվա հրապարակումն ինձ կրկին հիշեցրեց Վասակ Դարբինյան-ի մի քանի օր առաջ արված գրառումը։ Այն ժամանակ էի ցանկանում անդրադառնալ։ Հետաձգեցի։ Մտածեցի, առիթ կլինի՝ կհանդիպենք ու կզրուցենք, բայց համաճարակը հանդիպելու հնարավորությունները կրճատում է։ Օգտագործեմ այս առիթը։
Վասակը պնդում է, թե Տեր-Պետրոսյանի գերխնդիրը պատմության մեջ մնալն է։ Իբր դա է եղել նրա շարժիչ ուժը։ «Նրա գերխնդիրը փառքն էր: Հանուն պատմության մեջ մնալու՝ անգամ իր և հաջորդող սերնդից անիծվելու գնով, զուգահեռաբար՝ սերունդների օրհնանքին արժանանալու նպատակասլացությամբ»: Չակերտներում Վասակի խոսքերն են։ Ըստ Վասակի, Լեւոնի առաջնային նպատակը պատմության մեջ մնալն է եղել, իսկ մնացածը՝ 1988-90 թթ․ շարժումը, 1990-ականների առաջին տարիների պատասխանատվությունը, պատերազմը, շրջափակումը, բանակաշինությունը, փլուզված կայսրության փլատակների տակից սողեսող դուրս գալը, 1995-ի ոչ այնքան հաջող պառլամենտական եւ 1996-ի անհաջող նախագահական ընտրությունները, վատ կադրային քաղաքականությունը, հոկտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանի շուրջ համախմբվելու կոչը, 2007-ի ընտրարշավը, 2008-ի ընտրությունները, մարտի 1-ը, քաղբանտարկյալները, 2016-ի ապրիլյան դեպքերի (ես այն պատերազմ չեմ համարում) ժամանակ Սերժ Սարգսյանին հանդիպելը, երեկվա պարզագույն սիլլոգիզմը եւ մնացած ամեն ինչը պետք է ծառայեին պատմության մեջ մտնելու եւ այնտեղ մնալու գերխնդրին։
Ես վստահ եմ, որ Տեր-Պետրոսյանը, որպես պատմաբան գիտի պատմության արժեքը, եւ հասկանում է պատմության էջերում սեփական տեղն ունենալու կարեւորությունը, եւ չի կարող նրան խորթ լինել այդ էջերում պատվավոր տեղ ունենալու ցանկությունը։ Բայց նաեւ վստահ եմ, որ իր քայլերը կատարելիս նա առաջին հերթին առաջնորդվել է եւ առաջնորդվում է օրվա առաջադրած խնդիրը լուծելու, այն հնարավորինս ճիշտ լուծելու անհրաժեշտությամբ։ Հետո է միայն պարզվում, որ այդ լուծումները նրան պատմության էջեր են բերում եւ այդ էջերում պատվավոր տեղ են հատկացնում։ Սա էլ կարող է պատրանք ստեղծել, մոլորեցնել, թե ի սկզբանե ամեն ինչ (եւ առաջին հերթին) հանուն պատմության էր արվում։
Առաջ, հատկապես 2007-ի աշնանը կամ 2008-ից հետո, երբ մասնակցում էի Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներին, երբ որպես իրավապաշտպան պաշտպանում էի նրա հալածվող աջակիցներին, ինձ հաճախ են հարցրել․
-Վարդան, էս դու լեւոնակա՞ն ես։
Ես, որպես կանոն, պատասխանում էի, որ ոչ թե ես եմ լեւոնական, այլ Լեւոնն է վարդանական, որովհետեւ նա իրականացնում է այն ծրագիրը, որը կա իմ գլխում։
Երեկ Լեւոնն էլի վարդանական էր։ Լավ է։