Երեկ հրապարակվեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը, որտեղ առաջին նախագահը փաստում էր Սերժ Սարգսյանի վարչակարգի սպառումը և միակ ելքը տեսնում Սերժ Սարգսյանի հրաժարականի մեջ, ինչը մամուլում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ: Araratnews.am-ի թղթակիցը ՀՀ առաջին նախագահի հեղինակած հոդվածի մասին զրուցել է նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանի հետ, ով նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջի կարևորությունը ոչ մեկի համար նորություն չէր.«Սերժ Սարգսյանի իշխանությունը տրամաբանական շարունակությունն է Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի տնտեսական, դիվանագիտական,ինչպես նաև սոցիալական առումներով վարած քաղաքականության: Սրանք բոլորը կապված են միմյանց, իրենք բոլորն էլ հիմնված են նույն մոդելի վրա: Զուր չէ, որ և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ եղել են բարձրաստիճան պաշտոններում Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ընթացքում, այսինքն Լևոն Տեր-Պետրոսյանը կրում է նույնպիսի պատասխանատվություն, ինչպես և իր աշխատակիցները, որոնք հետո դարձան նրան փոխարինողներ»,-նշել է Խզմալյանը: Իսկ անդրադառնալով ընդհանրապես ՀՀ-ում ստեղծված իրավիճակին՝ Խզմալյանը նշել է, որ բոլորըˋսկսած հավաքարարից մինչև վերջին սփյուռքահայը, գիտեն, որ երկիրը անդունդի մեջ է իջնում շատ արագ, սակայն դա կասեցնելու և ընթացքը փոխելու համար, Տիգրան Խզմալյանի կարծիքով, ոչ մի հրաժարական էլ չի օգնի, ինչպես նշում է իր հոդվածում ՀՀ առաջին նախագահը. «Խնդիրը Սերժ Սարգսյանը չէ, այլ այն համակարգը, որը ստեղծվել է Սերժ Սարգսյանի ակտիվ մասնակցությամբ: Իսկ եթե մենք չփոխենք այդ համակարգը, այդ տնտեսական, սոցիալական հարաբերությունները, որ ստեղծվել են վերջին տարիների ընթացքում, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականը կնշանակի միայն Պողոսին փոխել Պետրոսով և ուղղակի մի քանի օրվա շղարշով փակել մեր ողբերգական իրողությունը»:
Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանեք ՀՀԿ-ականների արձագանքն՝ ուղղված ՀՀ առաջին նախագահի հոդվածին, մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն դիտարկումները, թե Լևոն Տեր-Պետրոսյանը «հայտնի քաղաքական թոշակառու և այլևս ձախողված քաղաքական գործիչ» է, Տիգրան Խզմալյանն արձագանքել է.«Թոշակառու է թե չէ Տեր-Պետրոսյանը, դա ինքն է որոշում, ժամանակ առ ժամանակ նա նման հայտարարություններ արել է, բայց դրա մեջ վիրավորական բան չէր լինի, եթե դա ասած չլիներ քաղաքական նորեկ և հավերժ կոմերիտական Շարմազանովը: Խնդիրը բոլորովին այն չէ, թե ով է ինչ ասել, ով է ում ինչպես անվանել, մենք մի երկրի քաղաքացիներ ենք, իսկ երկրի փրկությունը ոչ թե մեկ-երկու ընտրյալների, այլ մեր բոլորիս միացյալ պայքարը կարող է լինել: Իսկ Շարմազանովը միանգամայն անհետաքրքիր է, և ես կարիք չեմ տեսնում որևէ կարծիք հայտնել նրա ասածների կամ չասածների մասին»,-Araratnews.am-ի հետ զրույցն եզրափակել է Տիգրան Խզմալյանը:
Էմմա Պալյան