տուն Քաղաքական Վերլուծական Լևոն Զուրաբյան «խոսափողով» հանրության հետ խոսելը դրական արդյունք չի կարող ապահովել

Լևոն Զուրաբյան «խոսափողով» հանրության հետ խոսելը դրական արդյունք չի կարող ապահովել

390
0

Վերջին օրերին և հատկապես երեկ, Հայաստանում քաղաքական իրավիճակը բավականին թեժ էրˋ կապված հայ-ռուսական, գրեթե Հայաստանի կապիտուլյացիային հավասարազոր համաձայնագրի վավերացման գործընթացի հետ: Մի քանի օր շարունակվող և երեկ իր կուլմինացիային հասած հանրային դիմադրության արդյունքը, շնորհիվ նաև ընդդիմադիր պատգամավորների, եղավ այն, որ առնվազն հիմքեր նախապատրաստվեցին ապագայում այդ համաձայնագրերի օրինական հաստատումը վիճարկելու համար:

Այսինքն, եթե նույնիսկ այս պահին սահմանադրական դատարանը վճռի, որ քվեարկությունը կայացել է և համաձայնագրերը հաստատվել են ԱԺ-ի կողմից, ապա հետագայում, այս վարչախմբի հեռացումից հետո, լուրջ իրավական հիմքեր են ստեղծվել այդ համաձայնագրերը առ ոչինչ համարելու համար:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, դիմելով ԱԺ-ի դիմաց հավաքված հանրությանը, ասաց, որ հենց հանրությունն է միավորել իրենց.
«Ձեր շնորհիվ 4 քաղաքական խմբակցություններ միասնականացել են, ձե´ր շնորհիվ, և դուք եք միայն, որ կարող եք պահել այդ 4 խմբակցության միասնական լինելը, և եթե ուզում եք ինչ-որ հարց լուծենքˋ այդ 4 խմբակցությունը և դուք լինելու ենք միասին»:

Նման հայտարարությամբ Արամ Մանուկյանը կարծես հստակորեն շեշտում է քաղաքացիների կարևոր դերը այս գործընթացում: Ցանկացած նորմալ քաղաքական ուժի համար սա բնական և ամենակարևոր գործառույթն էˋ հանրային ձևավորված պահանջը վերցնել և փորձել լուծում տալˋ օգտագործելով իր քաղաքական ներկայությունը պետական կառավարման տարբեր մարմիններում:
Սակայն երեկվա ամփոփիչ ելույթում, Լևոն Զուրաբյանի հայտարարությունից պարզվեց, որ ընդդիմադիր 4 խմբակցություններն են մոբիլիզացրել հանրությանը՝ այդ ապօրինի որոշման դեմ պայքարի համար: Նման հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների մոբիլիզացիոն ռեսուրսը կազմում է ընդամենը 1000-1500 քաղաքացի: Հավանաբար, տրամաբանական այս շղթայի արդյունքը, այսինքն՝ մարդկանց նման քանակը, դուր չի գա հենց իրենˋ այս հանցավոր վարչախմբին հեռացնել ցանկացող Լևոն Զուրաբյանին:

Սակայն յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ այս 4 խմբակցությունները, նույնիսկ ամենավատ պայմաններում, մոբիլիզացիա նախաձեռնելու դեպքում, կմոբիլիզացնեն ԱԺ-ի դիմաց հավաքվածներին առնվազն մի քանի անգամ գերազանցող քաղաքացիներ: Հետևաբար հստակ է, որ մոբիլիզացիային ուղղված որևէ գործողություն այս ուժերի կողմից չի իրականացվել, կամ կատարվել է այնքան, որքան դրանց ներսում գտնվող անդամների անձնական շահագրգռվածությունը թույլ է տվել:

Նման պայմաններում Լևոն Զուրաբյանի հայտարարության գնահատականը տալու է այս գործընթացին մասնակից ցանկացած քաղաքացի, և քիչ է հավանականությունը, որ այն լինելու է դրական, հետևաբար ոչ դրական է լինելու նաև առաջիկայում իշխանափոխության հայտ ներկայացնող կուսակցության համար: Նման պայմաններում ՀԱԿ-ը, հավանաբար, պետք է վերանայի հանրության, ինչպես նաև այդ կուսակցության դեմքն ու պաշտոնական կարծիքը արտահայտող անձանց հետ հարաբերվելու իր մարտավարությունը: Լևոն Զուրաբյան «խոսափողով» հանրության հետ խոսելը առնվազն դրական արդյունք չի կարող ապահովել:

Հ.Գ. Այս համաձայնագրերի դեմ առաջին հանրային կազմակերպված արձագանքը եղել է «Որոշողը մենք ենք» ֆեյսբուքյան նախաձեռնության կողմից: Հետագա մոբիլիզացիոն աշխատանքը ևս կատարվել է այս, ինչպես նաև «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության և այլ քաղաքացիների կողմից: «Որոշողը մենք ենք» նախաձեռնության նախաձեռնողները համաձայնագրերի և սպասվող վտանգների մասին տեղեկացել են «Վաղը տեղի կունենա սարսափելի մի բան» հոդվածիցˋ ինչի մասին նշված է հենց նախաձեռնության ֆեյսբուքյան միջոցառման մեջ:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here