ՀՀ կառավարությունը այսօր ամփոփեց իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` հաշվի առնելով, որ Արմավիրի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերից խնդրել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության 326 տոննա լրացուցիչ սերմացու: Նախատեսվում է նշված քանակը տրամադրել մինչև 3 հա ցանք կատարել ցանկացող տնտեսվարողներին: Մինչ այդ մարզպետարանները ներկայացրել էին 3 հազար 779 տոննա սերմացուի պահանջարկ:
«Փաստորեն մենք 100 տոկոսով բավարարում ենք մարզերի ներկայացրած հայտերը, այսինքն` չկա որևիցե մի մարզ, որը մեզ ներկայացնի սերմացու ստանալու հայտ՝ և մենք չբավարարենք: Մեր հիմնական խնդիրն է կրճատել չմշակվող հողերի ծավալները: Այս քաղաքականությունն արդեն դրական արդյունք տալիս է, բայց դեռևս չմշակվող հողերի մեծ ծավալ կա, և պետք է հետևողական լինենք, որպեսզի դրանք ամբողջությամբ մշակվեն», — հարցի վերաբերյալ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: